12/12/2019 14:12
Հայկական պատվիրակությունը տապալել է ադրբեջանական կողմի՝ ՀԱԷԿ փակման հարցը դնելու փորձը. Գայանե Աբրահամյան
Թբիլիսիում կայացած Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստում հայկական պատվիրակությունը տապալել է ադրբեջանական պատվիրակության՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի փակման հարց դնելու փորձերը, պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը։
«Բավականին դժվարությամբ հնարավոր դարձավ կասեցնել ադրբեջանական հերթական նախաձեռնությունը՝ կապված Մեծամորի ատոմակայանի փակման հետ: Ադրբեջանական կողմից ուղիղ բառերով շեշտվում էր, թե իբր ԵՄ-ն պետք է բոլոր ջանքերը ներդնի, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետներում իրականացվեն ատոմակայանի փակման հարցը և գործընթացները: Հենց քվեարկությունից առաջ հանձնաժողովում ձայնի իրավունք վերցրեցի, և երկար փաստարկներով ներկայացրեցի, թե ինչու է այս առաջարկությունն անընդունելի:
Նաև ներկայացրեցինք ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության) զեկույցից հատված, որտեղ հստակ շեշտադրվում է, որ Մեծամորի ատոմակայանն իր անվտանգության մակարդակում բավականին առաջընթաց է ապահովել վերջին 2-3 տարիների ընթացքում», - ասաց Աբրահամյանը:
Պատգամավորի հավաստմամբ՝ իր կողմից ներկայացված փաստարկներն ազդեցություն են ունեցել ներկաների վրա, և բոլոր պատգամավորները՝ բացառությամբ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի, դեմ են քվեարկել հայկական ատոմակայանի փակման առաջարկին։