12/12/2019 17:43
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին
Երկուշաբթի օրը տեղի կունենա Վերաքննիչ քրեական դատարանի նիստը, որի ընթացքում քննարկվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:
Սույն գործով բողոքը պետք է քններ դատավոր Մխիթար Պապոյանը, որին, սակայն, դատախազ Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։ Պապոյանն ինքնաբացարկ է հայտնել՝ հրաժարվելով քննել Ռոբերտ Քոչարյանի գործը։
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել։