12/12/2019 13:33
Ուրախ կլինենք տեսնել, որ ՍԴ անդամները ևս դեստրուկտիվ տրամադրված չեն. Թագուհի Ղազարյան
Aysor.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
- Տիկին Ղազարյան, ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքն, ըստ Ձեզ, ի՞նչ ազդեցություն կունենա։
- Անշնորհակալ գործ եմ համարում գուշակություններով զբաղվելը: Կարևորն այն է, որ Ազգային ժողովը ևս մեկ քայլ է անում Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծելու համար: Սա, ինչպես արդեն նշել ենք, պարզված ձեռք է, որը կարող են ի պատասխան սեղմել ՍԴ անդամները կամ թողնել օդում: Փաստ է այն, որ ներկայիս ՍԴ-ն չի արտացոլում գործող սահմանադրական մոդելը, և այդ խնդիրը պետք է լուծվի: Ուրախ կլինենք տեսնել նաև, որ ՍԴ անդամները ևս դեստրուկտիվ չեն տրամադրված այս հարցի վերաբերյալ:
- Ինչո՞ւ երեկ չէ առաջին օրը՝ օրենքի առաջին ընթերցման քվեարկության ժամանակ, դահլիճում չէիք և նախօրոք էիք մասնակցել քվեարկությանը։
- Առաջին ընթերցման քվեարկության ժամանակ Ազգային ժողովի կողմից երկօրյա այցով գործուղված եմ եղել Դոհա՝ ՀՀ պատվիրակության կազմում մասնակցելու «Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի» 7-րդ գլոբալ համաժողովին:
- Բայց ԱԺ կայքում այդ գործուղման մասին որևէ տեղեկատվություն չկա։
- Ազգային ժողովի կայքում դեռևս տեղադրված չլինելը, թերևս, տեխնիկական խնդիր է, ավելի հստակ կարող եք տեղեկանալ՝ դիմելով աշխատակազմին: