12/12/2019 13:47
Չորս վարկային համաձայնագրերի վավերացմամբ Հայաստանը 152 մլն դոլարի պարտավորություն է ստանձնում. Արմեն Հայրապետյան
Չորս վարկային համաձայնագրերի վավերացմամբ Հայաստանը 152 մլն դոլարի պարտավորություն է ստանձնում, ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ՀՀ ֆինանասների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ փաստորեն, 4 համաձայնագրով 130 մլն եվրոյից ավելի վարկային միջոցներ են ներգրավում։
«Դուք խոստանո՞ւմ եք, որ սա այլևս վերջին բյուջետային վարկը կլինի: Կարո՞ղ ենք սա ամրագրել այս համաձայնագրի վերջում և քվեարկել, որ այլևս բյուջետային վարկեր չեն լինելու», - հարց ուղղեց նա:
Գործադիրի ներկայացուցիչն ի պատասխան նշեց, որ վարկերը ձևակերպված են եվրոյով, քանի որ պայմաններն այդ կերպ ավելի լավն են:
«Հիմնական նպատակը 152 մլն դոլարի վարկ ներգրավելն է եղել, որովհետև մեր ճեղքն այդքան է եղել»,- ասաց Հայրապետյանը:
Հարցին՝ առաջիկա տարիներին ունենալո՞ւ ենք հրատապ ռեժիմով նման վարկի ներկայացում, թե՞ ոչ, փոխնախարարն ասաց, որ ԱԺ-ն արդեն հաստատել է 2020 թվականի բյուջեն, որով էլ արդեն հաստատվել է՝ այլևս նման միջոցներով բյուջետային դեֆիցիտը չի ֆինանսավորվելու:
«Հետևաբար, ես ոչ միայն հավաստիացնում եմ, այլ նաև օրենքով ամրագրված է դա», - ընդգծեց Հայրապետյանը։