12/12/2019 18:26
Առաջարկվող ճանապարհը այնքան էլ ճիշտ չէ. Փոխնախարարը՝ առողջապահության նախարարության հայեցակարգի մասին
ՀՀ ֆինանսների նախարարությունում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության առաջարկությամբ քննարկվել է առողջապահության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը»:
Նիստին ներկա են եղել ֆինանսական և հարկային ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կառույցների՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ:
Քննարկմանը հրավիրված առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ընդհանուր կետերով ներկայացրել է «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի» նպատակը, որը, ըստ նրա, բնակչության համար առողջապահական ծածկույթ ապահովելն է, ինչի արդյունքում մարդիկ կապահովվեն հիմնական բժշկական ծառայություններով ու դեղորայքով:
Հայեցակարգով առաջարկվում է առողջության համապարփակ ապահովագրության համար գանձել 6 տոկոս եկամտահարկ: «Սա ոչ թե ավանդական ապահովագրության համակարգ է, այլ ավելի շուտ սոցիալական ապահովագրության համակարգ է, որը հնարավորություն է տալիս մարդկանց՝ անկախ տարիքային, ֆինանսական կարգավիճակներից, օգտվել բժշկական ծառայություններից», -նշել է առողջապահության փոխնախարարը:
Քննարկումների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հստակեցրել է, որ Հայաստանի կառավարության քաղաքականությունն է մինչև 2023 թվականը շարունակաբար նվազեցնել քաղաքացիների միասնական եկամտային հարկի դրույքաչափը:
«Կառավարության հռչակած քաղաքականությունն է՝ ունենալ արտահանմանը միտված տնտեսություն, ունենալ բարձրորակ աշխատուժի հնարավորինս ցածր հարկային բեռ», -ընդգծել է Արման Պողոսյանը՝ նկատելով, որ առաջարկվող ճանապարհը այնքան էլ ճիշտ չէ: