13/12/2019 19:33
Նոր վարկային համաձայնագրերն իրավիճակային քաղաքականության մասին են վկայում. փորձագետ
Ազգային ժողովը դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստի ժամանակ կողմ քվեարկեց 120 մլն եվրո ընդհանուր արժողությամբ չորս վարկային համաձայնագրին: Այսպիսով տարեվերջին Հայաստանի արտաքին պետական պարտքն այդքանով կրկին ավելացավ:
«Պետական պարտքի ավելացումը, ընդհանուր առմամբ, բնական գործընթաց է: Անբնականն իշխող ուժի ներկայացուցիչների կողմից երկրի տնտեսական վիճակին առնչվող տարբեր հայտարարություններն են, որոնք չեն տեղավորվում տարեվերջին կնքված վարկային համաձայնագրերի տրամաբանության մեջ»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:
Ըստ Լ. Ամիրխանյանի, նոր վարկերը վկայությունն են երկրի տնտեսական քաղաքականության սնանկության: Փորձագետն այդ հանգամանքը բացատրում է նրանով, որ տարվա երկրորդ կեսից հատկապես շրջանառվում է բոլոր կանխատեսված ցուցանիշները գերակատարելու հանգամանքը, բայց տարեվերջին բյուջետային աջակցության վարկային համաձայնագրեր են կնքվում: Ըստ նրա, կամ կանխատեսումներն ու գնահատականներն են սխալ, կամ ինչ-որ բան այնպես չէ ընթացել:
Ըստ փորձագետի, հավանական տարբերակներից մեկը տարեվերջին չկանխատեսված սցենարային զարգացումը կարող է լինել, ինչպես օրինակ, հոկտեմբերին հարկային մուտքերի կտրուկ անկումը. «Մյուս կողմից հետաքրքիր իրավիճակ ունենք. Ջանջուղազյանն օրեր առաջ վստահեցրեց, որ արտաքին պետական պարտքն այս տարի ավելացրել ենք նախատեսվածից քիչ և այդ նախատեսվածից քիչը մոտ մեկ մլրդ դոլարն է: Ստացվում է, որ մեր տնտեսական կարողություններն ավելի ցածր են գնահատվել, տարվա ընթացքում չնախատեսված կամ կառավարության կողմից չկարգավորվող, անկախ գործոնների ազդեցությամբ պայմանավորված ունեցել ենք եկամտային հոսքեր, ու որպես արդյունք վերցրել ենք ավելի քիչ, քան նախատեսում էինք: Այդպիսի գործոններից անկասկած կարելի է համարել ավտոմեքենաների վերավաճառքից առաջացած դրական ալիքը»:
Մեր այն դիտարկմանը, թե Ատոմ Ջանջուղազյանի պնդմամբ արտաքին բյուջետային պարտքերի էջը Հայաստանի համար 2020թ.-ից փակված է, Լ. Ամիրխանյանը նշեց. «Կապրենք, կտեսնենք: Միանշանակ է, որ տարվա վերջին երկու ամիսներին միմյանց հաջորդող արտաքին վարկային համաձայնագրերի կնքումը վկայում է ցայտնոտի, ինչ-որ բան հասցնելու նպատակի մասին: Նկատվում է իրավիճակային քաղաքականության իրականացում, ինչը որևէ կերպ չի կարող երաշխիք հանդիսանալ, որ բոլոր հայտարարություններն իրականություն կդառնան»,- ամփոփեց փորձագետը: