13/12/2019 11:59
Հնչում է, թե բյուջեում փող կա և ծախսելու տեղ չկա, հուշում եմ ձեզ ծախսելու տեղը. Գևորգ Պետրոսյան
Զինծառայողների նյութական ապահովության խնդիրը չպետք է անտեսվի, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Կոչ եմ անում Պաշտպանության նախարարությանը շեշտը դնել զինծառայողների նյութական ապահովության վրա: Մենք այստեղ՝ այս տաք դահլիճում, մեր գործն ենք անում, բայց այնտեղ մարդիկ ցրտին սահման են պահում: Պետք է իրենց նյութական պահովության մասին մտածենք։ Կարծում եմ, որ եթե ամենավերին մակարդակներով հնչում է, թե բյուջեում փող կա և ծախսելու տեղ չկա, ես հուշում եմ ձեզ ծախսելու տեղը. այդ բյուջեի գումարը ծառայեցրեք մեր անվտանգությունն ապահովող մարդկանց շահերը ապահովելու համար», - ասաց նա:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը, արձագանքելով կոչին, ասաց.
«Այդ ուղղությամբ մշտապես աշխատանք է իրականացվում, և 18 միլիարդ դրամով դրամական ապահովության բարձրացում է տեղի ունեցել։ Միջինը 10 տոկոսով բարձրացվել են աշխատավարձերը, բարդ իրավիճակներում ծառայողների համար լրացուցիչ հավելավճարներ են սահմանվել»: