17/12/2019 10:00
«Փաստ». Իշխանությունները անհանդուրժողականություն են դրսևորում այն ԶԼՄ-ների նկատմամբ, որոնց էջերից կամ եթերից հնչում են այլընտրանքային կարծիքներ
«Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս խոսել է մեդիա դաշտի և լրատվամիջոցների անկախ գործունեությունն ապահովելու անհրաժեշտության մասին: Թվում էր, թե այս հայտարարությունները բխում են Փաշինյանի խոստացած «սիրո և հանդուրժողականության հեղափոխության» տրամաբանությունից, սակայն իրադարձություններն այլ բան ցույց տվեցին: Փաշինյանի պաշտոնավարման սկզբից էլ այն լրատվամիջոցները, որոնք համարձակվում էին քննադատել իշխանություններին, հայտնվում էին հարվածների տակ:
Իշխանամերձ շրջանակները կոչ էին անում մերժել այդ լրատվամիջոցներին, իսկ իշխանությունների հովանու ներքո բազմացված ֆեյքերի ֆաբրիկան լուտանքներ էր տեղում այդ լրատվականների հասցեին: Ճնշումները նույնիսկ հասան այնտեղ, որ իշխանությունների հրահանգով խուզարկություններ իրականացվեցին ընդդիմադիր լրատվամիջոցների գրասենյակներում, առգրավվեց տեխնիկան և այլն: Իսկ Փաշինյանի համակիրներն էլ հարձակման ենթարկեցին «Հայելի» մամուլի ակումբը՝ ձվեր նետելով ակումբի պատին և հայտարարելով, թե պահանջում են փակել լրատվամիջոցը:
Իշխանությունները շարունակում են խիստ անհանդուրժողական վարքագիծ դրսևորել այն ԶԼՄ-ների նկատմամբ, որոնց էջերից կամ եթերից հնչում են այլընտրանքային կարծիքներ և քննադատության են ենթարկվում կառավարության գործողությունները: Իսկ այսպիսի իրավիճակի պայմաններում Փաշինյանը մի կողմից ցույց է տալիս, թե ինքը մամուլի ազատության ապահովման կողմնակից է և նույնիսկ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, թե ԶԼՄ-ների ազատությունը խթանելու և պաշտպանելու իրենց իշխանության վճռականությունն անխախտ է, սակայն մյուս կողմից՝ իշխանությունները ընդդիմադիր լրատվամիջոցներին շարունակում են անվանարկել և ճնշումների ենթարկել:
Այս ֆոնի վրա պատահական չէ, որ իշխանությունները մտադրվել են թուլացնել այն լրատվամիջոցներին, որոնք իշխանության կամակատարները չեն: Եվ առաջին հերթին այս տեսանկյունից իշխանությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել հեռուստաընկերությունների դաշտը: Ինչպես գիտենք, Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է մնալ իշխանությունների քարոզչական հիմնական գործիքը, և արդարադատության նախարարությունն օրերս շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով նախատեսվում է հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը վճարովի գովազդ ցուցադրել:
Հետաքրքրական է այն հանգամանքը, որ նախարարությունն այս օրինագիծը մշակել է առանց մասնագիտական շրջանակների և անգամ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների հետ քննարկումներ անցկացնելու: Ստացվում է, որ նախագիծը կազմվել է առանց հանրային պահանջն ու ոլորտի մասնագետների կարծիքը հաշվի առնելու: Իսկ ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանություններն այսպիսի միակողմանի որոշում ընդունելով: Թերևս նրանք պատկերացնում են, որ ոլորտի մասնագետները Հանրային հեռուստաընկերությամբ վճարովի գովազդ ցուցադրելու պահանջ չեն տեսնում, քանի որ Հանրայինի ֆինանսավորումը պետբյուջեից է, և միայն 2019 թվականին Հանրային հեռուստաընկերությունը պետբյուջեից շուրջ 6 միլիարդ դրամ ֆինանսավորում է ստացել:
Ուստի լիովին տրամաբանական են մասնագիտական շրջանակների այն դիտարկումները, թե այս նախագիծը հապշտապ դրվել է շրջանառության մեջ մասնավոր հեռուստաընկերություններին ճնշելու և աստիճանաբար սնանկացման տանելու համար, քանի որ Հանրային հեռուստաընկերությանը վճարովի գովազդի իրավունք տալով՝ իշխանությունը ստեղծում է անհավասար պայմաններ մյուս հեռուստաընկերությունների համար:
Հանրայինը հնարավորություն է ստանում, չունենալով ֆինանսավորման խնդիր, ամուր դիրքավորվել առանց այն էլ փոքր գովազդային շուկայում, և համեմատաբար էժան գովազդային առաջարկներով իր կողմը գրավել գովազդատուների հիմնական մասին, որը կարող է հանգեցնել մասնավոր հեռուստաընկերությունների թուլացման՝ իր բոլոր՝ իշխանությունների համար գուցե ցանկալի, իսկ իրականում չափազանց ցավալի ու անընդունելի հետևանքներով»: