20/12/2019 13:05
Կոկորդիլոսաբուծարանի ծրագիրը սառեցված է, բայց կասեցված չէ. Aysor.am-ի խմբագրություն է դիմել «Արմոն» ՍՊԸ-ի հիմնադիրը
«Ապշանք էկո այգի» (կոկորդիլոսի բուծարան) ծրագիրը սառեցված է, բայց կասեցված չէ, Aysor.am-ին տեղեկացրել է ԱՐՄՈՆ ՍՊԸ-ի և KLAD Tanzania LLC-ի հիմնադիր և տնօրեն Խաչատուր Սարգսյանը:
«Որպես ԱՐՄՈՆ ՍՊԸ-ի տնօրեն և հիմնադիր, ի պատասխան Արարատի մարզպետին ձեր թղթակցի կողմից հղած հարցին, տեղեկացնում եմ, որ Ապշանք էկո այգի /կոկորդիլոսի բուծարան/ ծրագիրը սառեցված է, բայց կասեցված չէ։ Սառեցման պատճառները բազմաթիվ են, որին չեմ ուզում անրադառնալ տվյալ նամակում», - գրել է Խաչատուր Սարգսյանը Aysor.am-ին հասցեագրված նամակում:
Նա նշել է, որ Հայաստան վերադառնալու դեպքում կարող է հարցազրույց տալ և մանրամասել պատճառները։
«Այժմ գտնվում եմ Աֆրիկայում՝ Տանզանիայում, որտեղ գտնվում են կոկորդիլոսի բուծարանը, ինչպես նաև ներդրումներ ենք կատարում մի շարք ծրագրերում», - նշել է Խ. Սարգսյանը:
Ավելի վաղ Aysor.am-ը գրել էր, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ցանկություն չունի խոսել մարզում կոկորդիլոսաբուծարանի ստեղծման մասին:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Aysor.am-ը հետաքրքրվեց մարզպետից՝ ինչ նորություններ կան կոկորդիլոսաբուծարանից, մարզպետն էլ ասաց, թե չի ուզում այդ հարցով խոսել:
Նա կոչ արեց դիմել ՍՊԸ-ին ու հետաքրքրվել, թե ինչու է ուշանում կոկորդիլոսաբուծարանի ստեղծումը:
Խաչատուր Սարգսյանը նաև լուսանկարներ է տրամադրել: