20/12/2019 09:58
«Ժողովուրդ». Սասուն Միքայելյանի հրահանգով ԵԿՄ տարածքային բաժանմունքի պետն ազատվել է աշխատանքից
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ հանդես եկավ, ըստ որի` Երկրապահ կամավորական միությունում հայտնաբերվել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր: Ընդ որում, այն կատարվել էր Երկրապահ կամավորականների միության Շիրակի տարածքային բաժանմունքի նախագահի կողմից:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից այդ բացահայտումներից հետո ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրահանգով տարածքային բաժանմունքի պետն ազատվել է աշխատանքից: Բացի այդ, թերթի տեղեկություններով, Միքայելյանը հրահանգել է այսուհետ ավելի ուշադիր լինել նման փաստաթղթեր տրամադրելու պարագայում և առանց թույլտվության այլևս որևէ փաստաթուղթ չտալ նման դեպքերը բացառելու նպատակով:
Այժմ տարածքային բաժանմունքն ունի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, և առաջիկայում նոր նշանակում կարվի: