20/12/2019 12:29
Տնտեսության ոլորտում տպավորիչ դինամիկ աճի հնարավորությունը սահմանափակ է. Խոսրով Հարությունյան
Հանուն արդարության պետք է ասել, որ տնտեսական ցուցանիշների մեջ կան որոշակի հակասություններ։ Դրանք որոշակի հարցադրումներ են առաջացնում, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը։
«Օրինակ՝ մենք ունենք մոտավորապես 8 տոկոս արդունաբերության, 15 տոկոս՝ ծառայությունների աճ, բայց դրա հետ մեկտեղ՝ էլկտրաէներգիայի ծավալների նվազում։ Ինչպե՞ս կարող է տնտեսությունն աճի, իսկ էլեկտրաէներգիայի ծավալները նվազեն», - ասաց բանախոսը՝ միաժամանակ մատնանշելով մի շարք ոլորտներում առկա տնտեսական առաջընթացը։
Խոսրով Հարությունյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հաջորդ տարվա համար ՀՆԱ-ի աճը նախատեսված է ընդամենը 4.9 տոկոս՝ ավելի ցածր, քան նախորդ տարիներին։
«Եթե մեր պոտենցիալը այդ թվից ավելին է, պետք է դա ֆիքսել և փորձել հաղթահարել։ Կառավարությունն իրավամբ գնահատում է, որ հաջորդ տարիներին տպավորիչ դինամիկ աճ ապահովելու հնարավորությունը սահմանափակ է։ Ես նկատի ունեմ ներդրումների ներգրավման խնդիրը», - ասաց բանախոսը։