24/12/2019 10:12
Մի «չտեսնված» տեղեկանքի պատմություն. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. «Նախագահ Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցը շարունակում է մնալ օդում կախված խնդիրների շարքում։ Բանն այն է, որ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրապետության նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Մինչդեռ Արմեն Սարգսյանը տևական ժամանակ՝ 2006-2007 թվականներից սկսած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությանը զուգահեռ ունեցել է նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն։ Եվ որպեսզի Արմեն Սարգսյանն իրավունք ունենար ընտրվելու Հայաստանի նախագահ, ապա նա առնվազն 2012 թվականի ապրիլի 9-ից սկսած, չպետք է ունենար որևէ այլ պետության քաղաքացիություն, բացի Հայաստանի Հանրապետությանից։ Սակայն Արմեն Սարգսյանն այդպես էլ հանրությանը փաստաթուղթ չի ներկայացրել բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին:
…Փաստերի համադրությունը հիմք է տալիս պնդելու, որ Արմեն Սարգսյանը ոչ միայն 2011 թ․ դուրս չի եկել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, այլ նաև մինչև 2012 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները, իր գրպանում ունեցել է Մեծ Բրիտանիայի քաղաքացու անձնագիր և մոտ մեկ տասնյակ արտասահմանյան ուղորություն է կատարել, այդ թվում՝ Ամերիկա և Ասիա, հենց Մեծ Բրիտանիայի քաղաքացու անձնագրով։ Այսինքն` ինքը ևս այս ողջ ժամանակահատվածում ոչ միայն փաստաթղթեր է ստորագրել, այլ նաև օգտվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիների իրավունքներից, տվյալ դեպքում՝ համապատասխան երկրներ առանց մուտքի արտոնագրի մուտք գործելու իրավունքից։ Գուցե Արմեն Սարգսյանն իր փաստաբանական գրասենյակին բանավոր ասել է, որ կազմեն քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը։ Սակայն, ինչպես հետագայում պարզվել է, այդ դիմումը չի կազմվել, հետևաբար, Արմեն Սարգսյանն այդ դիմումը չի ստորագրել, հետևաբար, պատկան մարմին այդ դիմումը չի ուղարկվել, հետևաբար, Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից դուրս չի եկել։
…Մեկ այլ վարկածով՝ դիմումը կազմվել է, Արմեն Սարգսյանը ստորագրել է, սակայն այն պատկան մարմին չի ուղարկվել։ Իրականում փաստաբանական գրասենյակի կողմից Արմեն Սարգսյանի քաղաքացիությունից դուրս գալու դիմում կազմվել և պատկան մարմնին է ներկայացվել միայն 2012 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, և նա քաղաքացիությունից դուրս է եկել 2013 թվականի հունվարին։ Եվ հարց է ծագում․ իսկ ի՞նչ փաստաթուղթ է Արմեն Սարգսյանը ցույց տվել Նիկոլ Փաշինյանին։
Ըստ հավաստի տեղեկությունների, այդ փաստաթղթի բնօրինակը կազմվել է Հայաստանում, հայերեն հետագայում է թարգմանվել։ Այդ փաստաթղթի բովանդակությունն այն է, որ Արմեն Սարգսյանի փաստաբանական գրասենյակը հավաստում է, որ Սարգսյանից ստացել է պատվեր կազմելու իր՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմում, և որ իրենք դա կազմել են 2011 թվականի նոյեմբերին: Սա է գրության բովանդակությունը, ուրիշ ոչինչ։ Այսպիսով` վերոգրյալից պարզ է դառնում, որ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է, ընտրվել է Սահմանադրության խախտմամբ, հետևաբար, պետք է պաշտոնանկ արվի»: