24/12/2019 15:01
«Բերեմ 12 միլիոն դոլար դնեմ ու մարդ չգա՞ հոտի պատճառով». Արարատում Կոկորդիլոսաբուծարանի ծրագիրը սառեցված է
«Ապշանք էկո այգի» (կոկորդիլոսի բուծարան) ծրագիրը սառեցված է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Արմոն» ՍՊԸ-ի և «KLAD Tanzania LLC»-ի հիմնադիր-տնօրեն Խաչատուր Սարգսյանը:
«Գործը սառեցված է, պատճառը էկոլոգիական խնդիրն է, որ մենք դիմել ենք, ասել ենք, բայց ոչ մեկ հետևողական չէ։ Ամբողջ Հրազդան գետն աղտոտված է, ամբողջ կեղտաջրերը լցվում են Հրազդան գետի մեջ ու ամառվա շրջանում, երբ փակում են Հրազդան գետը, էդ տարածքով շարժվում են միայն կեղտաջրերը։ Չեք պատկերացնում՝ ինչ վիճակ է, ու ոչ մեկ չի ուզում այդ հարցը լուծի», - ասաց նա։
Խաչատուր Սարգսյանի խոսքով՝ խնդիրը «Վեոլիա ջուր» ընկերության հետ է։
«Ես չեմ հասկանում ինչու ժուռնալիստները, էն սուտի բնապահպանները, որ ամեն հարցով խնդիր են բարձրացնում, լռում են։ Գնացեք Ղուկասավան գյուղ, կտեսնեք, թե ոնց է այդ ամբողջ կեղտաջուրը լցվում Հրազդան գետը ու մենք չենք կարող այդտեղ որևէ գործ անել, որովհետև այնտեղ էկոլոգիական աղետ է», - ասաց «Արմոն» ընկերության տնօրենը։
Նա ասաց, թե ծրագիրն արդեն հստակ հաստատված էր, փողը ներդրողները ներդրել էին, եկել էին հոկտեմբերին Հայաստան։
«Եթե մենք հանձն առնենք էդ հարցերը լուծելու, ծրագիրը երկու անգամ կթանկանա։ Հարցը պետք է պետական մակարդակով լուծվի, գումարը պատրաստ է, նույնիսկ մարզպետին էի ուղարկել 12 միլիոն դոլարի ներդրման կտրոնը, բայց էդ ամեն ինչը մենք սառեցրեցինք, ու հիմա ծրագիրը անում ենք Տանզանիայում», - ասաց Սարգսյանը։
Խաչատուր Սարգսյանն ասաց, թե անընդհատ շեշտում են միայն կոկորդիլոսաբուծարանի մասին։
«Դա կոկորդիլոսաբուծարան չէ, դա էկո այգի է, հանգստի մեծ գոտի է, կոկոդիլոսաբուծարանը մի փոքր հատված էր, որը կազմում է ծրագրի 0,1 տոկոսը։ Կարանք մենք դնենք կոկորդիլոսարանը, կարանք՝ չդնենք։ Մենք խնդիր չունենք կոկոդիլոսների, հազար անգամ էստեղ (Տանզանիայում) էժան է, ոչ ջեռուցման, ոչ ջրի հարց ունենք, մենք ուղղակի ուզում էինք բերել Հայաստան, որ զբոսաշրջիկներին ավելի հետաքրքրեր», - ասաց նա։
Հարցին՝ այն խնդիրները, որ նշվեց, բարձրաձայնվե՞լ է, Խաչատուր Սարգսյանն ասաց, որ մարպետ Գարիկ Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, թե Արտակարգ իրավիճակների նախարարն է զանգել իրեն ու ասել կեղտաջրերի մասին։
«Ես ի՞նչ ասեմ, էդ նույն կեղտաջրերը հոսում, մտնում են Մասիս քաղաք, կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի։ Էդ սուտ բնապահպանները ընկել են, թե Ամուլսար... հա, Ամուլսարի մասով էլ ասեմ, դա էլ է ռիսկային, որովհետև ներդրողներն արդեն մտածում են՝ ամեն անգամ գումար են դնում, ամեն անգամ փակում են։ Բնապահպանության նախարարությունն առհասարակ չի աշխատում, արտգործնախարարությունը չի աշխատում, ես լրիվ համաձայն եմ վարչապետի հետ, էդ մադրիկ վերևները աշխատում են, բայց ներքևը չի աշխատում, չի կարելի այդպես», - ասաց նա։
Խաչատուր Սարգսյանն նշեց, թե այս հարցում պետք է նաև լրագրողները գործի անցնեն։
«Հետևողական գնացեք, գնացեք ասեք «Վեոլիա», ինչո՞ւ սա չեք անում, նա չեք անում, օգնեք ներդրողներին, որ գան Հայաստան, ինչի՞ համար ես պետք է գումարները բերեմ ու ներդնեմ Աֆրիկայում։ Էդ սուտի բնապահպաններին հանեք խաղի մեջից, ոնց որ նոր հերոս չկա, նույն մարդիկ են, բերեք երիտասարդներին, նոր գաղափարներ, հին սերունդը արդեն մեռած ա, նրանք ոչ մի բան չեն հասկանում։ Ավտոճանապարհ սարքելով երկիր չի սարքվի, պիտի մի քիչ էլ պայմաններ լինի։ Կառավարությունն ամեն ձև աջակցում է, ոչ մի խնդիր չունենք, բայց ի՞նչ անեմ ես, բերեմ 12 միլիոն դոլար դնեմ ու մարդ չգա՞ էդ հոտի պատճառով, սա է խնդիրը», - ընդգծեց «Արմոն» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենը։
Օրեր առաջ Aysor.am-ը հետաքրքրվել էր Արարատի մարզպետից՝ ինչ նորություններ կան այս գործից, մարզպետն էլ ասել էր, թե չի ուզում այդ հարցով խոսել՝ կոչ անելով «Արմոն» ՍՊԸ-ից հետաքրքրվել, թե ինչու է ուշանում կոկորդիլոսաբուծարանի ստեղծումը:
Նշենք, որ «Արմոն» ՍՊԸ-ն Դաշտավան համայնքում վարձակալության էր վերցրել 15 հա տարածք, հանդիպում ունեցել բնակիչների հետ, ներկայացրել իր ծրագիրը: