25/12/2019 19:52
Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը զգալի ազդեցություն չունի բնակչության կենսամակարդակի վրա. փորձագետ
ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Պաշտոնական տվյալները փաստում են՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) տարեվերջին 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7,5 տոկոսով:
Հարցի շուրջ Aysor.am-ը զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի հետ:
«Տնտեսական ակտիվության ցուցանիշի 7,5 տոկոսանոց աճը ներկայացված է նախորդ տարվա՝ նույն ցուցանիշի նկատմամբ: Հաշվի առնելով հանգամանքը, որը 2018-ին Հայաստանի տնտեսությունը որոշակի հարված ստացավ՝ պայմանավորված իշխանափոխության ընթացքում անգործունակ շրջանով, այդ ժամանակահատվածի հետ համեմատությունն այնքան էլ չի արտացոլում, այսպես ասած, տնտեսությունում տեղի ոնեցած փոփոխությունները: Այսինքն, տրամաբանական է, որ 2018-ի նկատմամբ աճ կգրանցվեր և որ աճը կլիներ զգալի: Բայց որպեսզի հասկանանք, թե ինչ կարգի փոփոխություններ ունենք Հայաստանի տնտեսությունում այսօրվա իշխանության օրոք, համեմատությունը պետք է կատարենք 2017թ.-ի նկատմամբ: Իսկ 2017-ին ՏԱՑ-ի աճը կազմել է 7,3 տոկոս: Այսինք այս տարվա «տնտեսական հեղափոխությունն», այս ցուցանիշով եթե գնահատենք, այն սամանափակվում է 0,2 տոկոսով»,- նշեց փորձագետը:
Նրա խոսքերով, պետք է նաև հաշվի առնել ցուցանիշի կառուցվածքը:
«2019թ.-ի ցուցանիշի աճը պայմանավորված է միջին անվանական աշխատավարձի աճով, որը 2017-ին 0,4 տոկոս անկում է ապրել: Մինչդեռ արդյունաբերության աճը, որն այս տարի կազմել է 9,3 տոկոս, 2017-ին եղել է 12,3 տոկոս: Արտաքին առևտրաշրջանառության աճն է անկում ապրել. 2017-ին կազմել է 26 տոկոս, մինչդեռ այս տարի՝ 7 տոկոս: Նույն կերպ ներքին առևտրի շրջանառությունը, որի աճը 2017-ին 11 տոկոսից ավել էր, այս տարի կազմել է 9 տոկոս: Եվ սա այն պարագայում, երբ 2017-ին սպառողական գների աճը կազմել է 0,8 տոկոս, այս տարի՝ 1,5»,- մանրամասնեց Լ. Ամիրխանյանը:
Ուստի, ըստ նրա ՏԱՑ-ի աճին նպաստել են աշխատավարձերի որոշակի բարձրացումները և ծառայությունների ոլորտում աճը. «Որոշ ոլորտներում աշխատավարձերի բարձրացումը ցուցանիշի համախառն աճի վրա ազդեցություն թողել է, սակայն հասկանալի է, որ բնակչության կենսամակարդակի վրա փոփոխությունն անգամ այդ 0,2 տոկոսին համարժեք չէ: Ինչ վերաբերում է ծառայությունների ոլորտի աճին, ապա դրանում գերակշռող դերակատարություն ունեն բուքմեյքերական խաղերը, որոնք ևս առանձնապես կապ չունեն քաղաքացիների կենսամակարդակի հետ»,- ամփոփեց փորձագետը: