25/12/2019 16:36
Իմ բանավեճը Ձեր քաղաքական ծնողների հետ է, Ձեզ խորհուրդ կտամ ընդհանրապես ոտքի տակ չընկնել. Դավիթ Խաժակյանը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ավագանու նիստի ժամանակ կոչ արեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նոր նշանակված Ավետ Պողոսյանին՝ չընկնել իրենց ոտքերի տակ:
Խաժակյանն անդրադարձավ հարցազրույցներից մեկի ժամանակ Պողոսյանի հնչեցրած այն մտքին, որ թեև ականկալվում էր, որ 2018 թ.-ի քաղաքական պրոցեսներից հետո կուսակցությունները պիտի ազատ լինեն, մինչդեռ կան կուսակցություններ, որոնք սովոր չեն ազատության, հետևաբար՝ օգտագործվում և ուղղորդվում են:
Ճշտող հարցին՝ արդյոք նա նկատի ունի՞ ԼՀԿ-ն՝ Պողոսյանն ասել էր.
«Այն տոնայնությունը, որով խոսում են ավագանու անդամները, կարծում եմ՝ «Լուսավոր Հայաստանին» պատիվ չի բերում: Ես պարզ ասեմ՝ մենք բոլոր լեզուներով խոսակցություններին պատրաստ ենք՝ Երևանի ժարգոնից սկսած, քաղաքագիտական վերլուծությամբ վերջացրած, ընդհուպ՝ Լոռվա բարբառով ենք պատրաստ այդ խոսակցությունը տանել»:
Խաժակյանն ասաց, որ այդ ելույթից հետո մտածում էր՝ ինչպես արձագանքել Պողոսյանին ու ի վերջո հասկացավ, որ լավագույն տարբերակը դեռ ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանի խոսքերից հետևյալ մեջբերում անելն է.
«Դուք եկել եք այստեղ, հանդուգն և լկտիության հետ սահմանակցող հայտարարություններ եք անում պատգամավորների հասցեին,տվյալ դեպքում՝ ավագանու անդամների: Դուք Ձեզ ի՞նչ եք թույլ տալիս: Բայց, անկեղծ ասած, ես Ձեզ հետ բանավեճ չունեմ, որովհետև Դուք չափազանց փոքր ֆիգուր եք՝ Ձեզ հետ բանավեճի մեջ մտնելու համար: Իմ բանավեճը Ձեր քաղաքական ծնողների հետ է, այնպես որ, Ձեզ խորհուրդ կտամ ընդհանրապես ոտքի տակ չընկնել», - ասաց Խաժակյանը: