25/12/2019 17:37
ՀՀ Հանրային խորհրդի նախագահների նման փոփոխությամբ վերջինիս «կլասս»-ն իջնելու է. Հարություն Մեսրոբյան
Aysor.am-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փարձագետ Հարություն Մեսրոբյանը։
- Պարոն Մեսրոբյան, օրեր առաջ հայտարարեցիք, որ հեռանում եք Հանրային խորհրդից։ Ո՞րն էր Ձեր այդ որոշման դրդապատճառը։
- Այո՛, դեկտեմբերի 20-ին ես առաջինն էի, որ անդամակցությունս դադարեցրեցի: Ցանկացած կառույց պետք է առնվազն իր «կլասս»-ը չգցի, ինչու ոչ՝ ամիս առ ամիս, տարեցտարի բարձրացնի այն։ Երբ Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդից դուրս եկավ (հո առանց պատճառի դուրս չի՞ եկել), և մտավ Ստյոպա Սաֆարյանը, ես հասկացա, որ Հանրային խորհրդի «կլասս»-ն իջնելու է։ Խոսքը չի գնում անուն-ազգանունի մասին, էականը երևույթն է։ Ցանկացած կառույցում, եթե պրոֆեսիոնալը դուրս է գալիս, և գալիս է ոչ պրոֆեսիոնալը, բնական է, որ այդ կառույցի «կլասս»-ը կսկսի իջնել։ Դա միանշանակ է։ Երկրորդ, ՀԽ նախկին անդամ լինելով՝ ես գիտեմ այդ կառույցի պրոբլեմները։ Ես տեսնում եմ, որ իշխանություններն ուշադրություն չեն դարձնում ՀԽ-ին՝ որպես սահմանադրական կառույցի։ Լրջություն և համապատասխան վերաբերմունք ես չեմ նկատել։
Վարչապետի հետ հանդիպումների ժամանակ անձամբ նրան ներկայացրել եմ գրավոր առաջարկություններ, որպեսզի ՀԽ-կառավարություն կապն արդյունավետ լինի։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել փետրվար-մարտ ամիսներին: Կարճատև, բայց բովանդակային քննարկում եղավ, սակայն, ի զարմանս ինձ, սայլը տեղից չշարժվեց։ Մեկ ուրիշ օրինակ բերեմ. գիտե՞ք, որ ՀԽ-ն առ այսօր տարածք չունի։ Դա նորմա՞լ է։
- Փաստորեն, տեխնիկականից մինչև բովանդակային հարցերն են Ձեզ դրդել նման որոշում կայացնել։
- Այո՛, տեսեք՝ ինչ է կատարվում։ Տարատեսակ պետական կառույցներում պարգևատրումների տեղատարափ է և աշխատավարձերի կտրուկ բարձրացում։ Եվ դա այն դեպքում, որ ՀՀ վարչապետը խիստ դժգոհեց այդ կառույցների աշխատանքից: Այդ ֆոնին Հանրային խորհրդի անդամները և նախագահը ստանում են 0 դրամ, 0 լումա, տարածք չունեն։ Հինգ հոգուց բաղկացած աշխատակազմը համակարգում է ՀԽ-ի 45 անդամների և 15 հանձնաժողովներում ներգրավված հազարավոր մարդկանց աշխատանքը։ Հիմա հարց եմ տալիս. կարո՞ղ է որևէ կառույց նման պայմաններում ընդհանրապես աշխատել, եթե տեխնիկական հնարավորություններով, տեղակալներով, օգնականներով, քարտուղարներով և այլ սպասարկան անձնակազմով հագեցած լինելով, ինչպես նաև վարձատրության աճի պայմաններում խիստ դժգոհություն են առաջացնում կառավարության ղեկավարի մոտ:
- Պարոն Մեսրոբյան, այսօր հայտնի դարձավ, որ ի թիվս մի շարք անձանց՝ կառույցից դուրս գալու որոշում են կայացրել նաև ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի անդամներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը։ Նրանք նշել են, որ նման քայլի իրենց ստիպել է գնալ ՀԽ նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի նշանակումը։ Ի՞նչ դիտարկում ունեք սրա շուրջ։
- Իրենց փոխարեն չեմ կարող ոչինչ ասել։ Ուղղակի ենթադրում եմ, որ խնդիրների մի մեծ կծիկ է հավաքվել։ Ամեն մեկի համար ինչ-որ խնդիրների բաղադրիչներն ավելի կարևոր են։ Վտանգների մասին ես զգուշացրել եմ մոտավորապես մեկ ամիս առաջ։ Այդ ժամանակ ոչ ոք չարձագանքեց, իսկ հիմա այս թեմաներով ինձ շատ են զանգում։ Ինչո՞ւ ենք մենք այդպիսին։ Ի դեպ. Սա էլ ՀԽ-ի խնդիրներից մեկը` վերլուծում ենք, եզրակացություններ ենք ներկայացնում, սակայն արձագանքը գրեթե զրոյական է:
- Ձեր ասածներից կարելի՞ է եզրակացնել, որ ՀԽ-ն այսօր անարդյունավետ է, և այդ կառույցի գոյությունն արդարացված չէ։
- Ո՛չ, թվարկածս պրոբլեմների ֆոնին ՀԽ-ն ահռելի աշխատանք է կատարել. բավական է նայել ՀԽ-ի նորաբաց կայքը։ Հայաստանում ցույց տվեք մեկ այլ կառույց, որն այսպիսի պայմաններում այսքան գործ է արել։
Իսկ ընդհնարապես, կարծում եմ՝ մենք հայերս, մեր հնարավորությունները պարբերաբար ձեռքներիցս բաց ենք թողնում։ Ամբողջ աշխարհում մեծ թափ է հավաքում փորձագիտական կառավարումը, այդ պրոցեսն ընթանում է արդեն մի քանի տասնյակ տարի։ Եթե տարբեր պետություններ օգտագործում են այդ հնարավորությունը, ինչո՞ւ մենք չենք օգտագործում։ Հայաստանում փորձագիտական կառավարման ամենապրոֆեսիոնալ մարմինը Հանրային խորհուրդն է։ Ինչո՞ւ ունենալով նման կառույց՝ տարիներ շարունակ դրա վրա 0 ուշադրություն ենք դարձրել։ Տարիներ անց ասելու ենք հայի բա՞խտ։ Որ ասում են հայի բախտ, պետք է մի հատ բութ դնել ու գրել «հայի խելքի հետևանք»։ Մեղավոր ենք բոլորս։