26/12/2019 13:16
«Ես կզարմանայի, որ Ձեր հեռուստաընկերությունն այլ հարց տար». Անդրանիկ Քոչարյանին զայրացրեց զոհված զինծառայողի ծնողների բողոքի մասին լրագրողի հարցը
ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավոր, պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին զայրացրեց լրագրողներից մեկի հարցը՝ զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատների բողոքի ակցիայի մասին:
Լրագրողը հետաքրքվեց՝ ի՞նչ արդյունք է տվել օրեր առաջ զինծառայողի հարազատների և Քոչարյանի հանդիպումը՝ մեջբերելով զինծառայողի մոր հայտարարությունն այն մասին, որ Անդրանիկ Քոչարյանն իրենց հանդիպել, խոստացել է լուծել հարցը, բայց հիմա զանգերին չի պատասխանում:
«Ես կզարմանայի, որ Ձեր հեռուստաընկերությունն այլ հարց տար: Ասեմ, որ երեկ եմ խոսել պապիկի հետ, մանրամասն ներկայացրել եմ, թե ինչ իրավիճակ է, թե քննությունն ինչ ծավալի փորձագիտական աշխատանք է կատարում», - ասաց Քոչարյանը՝ դիմելով «5-րդ ալիքի» լրագրողին:
Նա նշեց՝ զոհված զինծառայողի ծնողները կարծում են, թե կոմայի մեջ գտնվող զինվորը դուրս է եկել կոմայից ու դա իրենցից գաղտնի են պահում, մինչդեռ դա չի համապատասխանում իրականությանը:
«Հիմա ովքեր են հարազատներին բերել ԱԺ դարպասների մոտ, դա ես չեմ հասկանում: Երևի ձեր հարցերի հետևից են գալիս: Իմացեք, որ կոնտակտը թե՛ փաստաբանի միջոցով, թե՛ իմ աշխատակազմի հետ մշտական է, ամենօրյա ռեժիմով: Այն խոստումները, որոնք ես տվել եմ իրենց հարազատներին՝ քննությունն օբյեկտիվ իրականացնելու և իրենց կողքը լինելու, այսօր էլ շարունակվում են», - ասաց նա:
Հիշեցնենք, այսօր կառավարության շենքի առջև են հավաքվել բանակում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի հարազատները։ Նրանք պահանջում են վարչապետի հետ հանդիպում: