26/12/2019 12:48
Բանակում մահացած զինծառայողի նկարը պատռելը զայրացրեց նրա հարազատներին
Բանակում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի հարազատներին, որոնք այս պահին բողոքի ակցիա են անում կառավարության շենքի առջև, զայրացրեց ոստիկաններից մեկի կողմից վերջինիս նկարի շրջանակը ջարդելու և նկարը պատռելու հանգամանքը։
Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների վերադասը նշեց, որ կուսումնասիրեն տեսանյութերը և ըստ այդմ գործողություններ կծավալեն։
Զինծառայողի հորեղբայրն իրաապահներից պահանջեց գտնել նկարը պատռած անձին և իր ներկայությամբ ձեռնաշղթաներ անցկացնել։
«Ո՞վ է իմ երեխու նկարը պատռել, ուրեմն մեր վիշտը չե՞ն հարգում», - իր հերթին հարց տվեց մայրը՝ տիկին Գոհարը։
Զինծառայողի իրավահաջորդների փաստաբան Հայարփի Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքնասպանության վարկածը կասկածի տեղիք է տալիս, քանի որ դիակը հայտաբերվել է դիրքերից 740 մետր հեռավորության վրա։
«ՊՆ-ը թելադրում է քննչական կոմիտեին», - ասաց նա։