08/01/2020 18:07
Արմեն Թավադյանի պաշտպանը բողոք կներկայացնի վերաքննիչ դատարան՝ Թավադյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման դեմ
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանը բողոք կներկայացնի վերաքննիչ դատարան՝ վիճարկելով Թավադյանի դեմ խափանման միջոցի կիրառումը, այս մասին լրագրողներին ասաց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
«Այսօր բողոք է ներկայացվելու վերաքննիչ դատարան խափանման միջոցի կիրառման դեմ։ Եթե արհեստական խոչընդոտներ չլիենեն, ակնկալում ենք, որ մյուս շաբաթ արդեն դատական նիստ կհրավիրվի վերաքննիչ դատարանում», - ասաց Խուդոյանը։
Հարցին՝ արդյոք իրականությանը համապատասխանում են լուրերը, որ Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել՝ Խուդոյանը պատասխանեց.
«Գույքի վրա դրված կալանքի մասին տեղեկություն չունենք, բայց փորձը հուշում է, որ կարող ենք ունենալ։ Ինչո՞ւ եմ ասում, որ նման կանխատեսում կա, որովհետև խուզարկությունների ժամանակ առգրավվել են դրամական միջոցներ, որը որևէ կերպ չի կարող կապվել գործի հետ»։
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: