09/01/2020 16:05
Հայտարարագրերով համեստ ապրող պաշտոնյաներն ի՞նչ միջոցներով են 5 մլն դրամ նվիրաբերել «Իմ քայլը» նախընտրական հիմնադրամին
Aysor.am-ը հարցումներ է ուղարկել բարձրաստիճան պաշտոնյաներին՝ պարզելու, թե ի՞նչ միջոցներից են վերջիններս «Իմ քայլը» դաշինքի 2018 թվականի նոյեմբերի 26-ին իրականացրած դրամահավաքին փոխանցել 5 մլն դրամ:
Նշենք, որ հարցվածների մեծ մասը հայտնում է, որ 5 մլն դրամ մուտք է արել հիմնադրամի հաշվեհամարին ոչ թե իր անձնական, այլ այն դրամական միջոցներից, որոնք գոյացել են դրամահավաքի ընթացքում:
Այսպես, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «Իմ քայլի» պատգամավորներ Սիփան Փաշինյանը, Վահագն Թևոսյանը և Հովհաննես Իգիթյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հարցմանն ի պատասխան նշել են, որ «Դվին» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական դրամահավաքի ժամանակ հավաքված գումարի նշված չափը՝ 5 մլն դրամը, իրենց կողմից դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքված գումարից մուտք է արվել հիմանդրամի հաշվին:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ի պատասխան մեր հարցման նշել է, որ դրամահավաքի ընթացքում նվիրատվություն ստացել է նաև ինքը՝ որպես թեկնածու:
«Ուստի հայտնում եմ, որ «Իմ քայլը» դաշինքի նախըտրական հիմնադրամին փոխանցում կատարել եմ նշված դրամահավաքի ընթացքում դաշինքին նվիրաբերած և նաև իմ անվամբ կատարված անհատական դրամական նվիրատվություններից գոյացած գումարից», - նշել է Լենա Նազարյանը:
«Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ նվիրատվության 5 մլն դրամը գոյացել է իր ու իր ընկերների հանգանակություններից:
«Նշված 5 մլն դրամը հավաքվել է իմ և իմ մի քանի ընկերների հանգանակության արդյունքում և իմ անունից տրամադրվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին: Մնացած նվիրատուների անուննե րն անհրաժեշտության դեպքում կարող եմ նշել, եթե լինի տվյալ անձանց տվյալները հրապարակելու թույլտվություն», - պատասխանի մեջ նշել է Քոչարյանը:
«Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանն էլ նշել է, որ իր կողմից հիմնադրամին փոխանցած 5 մլն դրամը գոյացել է իր ու ամուսնու խնայողություններից:
Aysor.am-ը նաև փորձեց պարզաբանում ստանալ ՊՎԾ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանից, թե ինչ միջոցներից է 5 մլն դրամի նվիրատվություն արել հիմնադրամի հաշվին, մինչդեռ Սանասարյանի հետ կապ հաստատել չստացվեց, իսկ հարցումը մնաց անպատասխան:
Ավելի վաղ հիմնադրամին 5 մլն դրամի նվիրատվություն կատարած անձանց ցանկը հրապարակել էր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը: Նա հայտարարել էր, որ դրամահավաքը թափանցիկ չի եղել և իրական նվիրատուների անունները չեն հրապարակվում: