09/01/2020 11:56
«Ես գիտեմ՝ ինչ կանեմ». Վարչապետը տեսել է, որ կառավարության աշխատողը ծխել է ու սիգարետը շպրտել
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այսօր տեսել է, որ կառավարության աշխատողներից մեկը եկել է, մեքենան կանգնեցրել է կառավարության դիմաց, ծխել է ու սիգարետը շպրտել:
«Ասենք, ես գիտեմ՝ ինչ կանեմ, բայց եթե ուրիշ քաղաքացին էդ պահին անցնելով տեսնում է, բա ինքը ի՞նչ անի, ինքն էլ պետք է գործիք ունենա, որովհետև վարչապետը չպետք է պատուհանից նայի, տենա, ով եկավ, ինչ արեց, էդ պատահական դիպված էր», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ասաց, թե օրենսդրական փոփոխություն է պետք անել:
Վարչապետը ներողություն խնդրեց և ասաց՝ հասկանում է, որ շատ հաճախ կառավարության նիստերին ընդունված չի նման թեմաներից խոսել, բայց խոսեց. «Սինգապուրում փոփոխությունները սկսել են նրանից, երբ պայքարել են թքելու դեմ, փողոցում թքելու համար մեծ տուգանքներ են սահմանել ու դա իրագործվել է: Թվում է, թե մարդ ա էլի, թող թքի իր ա համար, բայց սա քաղաքակրթական խնդիր է, որովհետև երբ մարդը ՀՀ-ում մտնում է զուգարան, այդտեղ գոյանում է իր ինքնագնահատականը, թե էս երկիրն իրեն ոնց է վերաբերվում: Պետք է արգելել, փակել, սնանկացնել բոլոր էն բիզնեսմեններին, ովքեր ոսկեջրած աթոռներ են դնում իրենց ռեստորաններում, բայց կոտրած ու կեղտտո «ունիտազներ» են պահում իրենց ռեստորանների զուգարաններում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց, թե քաղաքացինեի ներգրավման խնդիրը լուծվում է թվային տեխնոլոգիաներով, մանավանդ, ՊԵԿ-ում, որտեղ ծառայությունները թվայնացված են, այդ հնարավորությունները կան:
«Ու եթե տեսնենք, որ շատ քաղաքացիներ են մի կետից ահազանգում, այդտեղ կգնան ու կանեն հսկիչ գնում», - ասաց Ավինյանը:
Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն էլ իր հերթին ասաց, թե անցած տարի վարչապետի հանձնարականի հիման վրա Ճանապահային ոստիկանությունն արդեն իսկ նախաձեռնել է ծրագրի ստեղծում ու երեք-չորս ամսից ծրագիրը պատրաստ կլինի և քաղաքացիները հնարավորություն կունենան խախտումներն արձանագրել:
«Կաշխատեք ու էս հարցերի լուծումնեը կգտնեք», - ասաց Նիկոլ Փաշինյանը: