13/01/2020 14:43
ԿԳՄՍՆ-ի կողմից ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունում կան տառասխալներ, շարահյուսական սխալներ. ԲՀԿ-ական պատգամավոր
«Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը լի է տառասխալներով, Աժ-ում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Վերջինս նկատեց, որ իրենց ձեռքի տակ եղած տարբերակով օրենքի նախագծում բազմաթիվ սխալներ է հայտնաբերել:
«Կան բազմաթիվ տառասխալներ, շարահյուսական սխալներ, լատինատառ կետադրական նշաններ… կարծում եմ, որ գոնե առնվազն ԿԳՄՍՆ-ի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը այդպիսին չպիտի լինի», - դիմելով նախարարաին՝ ասաց Տոնոյանը:
Արայիկ Հարությունյանն էլ հետաքրքրվեց, թե որտեղի՞ց է կարդացել նախագիծը:
«Այն տարբերակը, որը որ մեր ձեռքի տակ է, ես Ձեզ կարող եմ անգամ նշումներով տալ, որ բնօրինակի հետ համեմատեք», - ասաց պատգամավորը:
Ի պատասխան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ինքն անձամբ կարդացել է ԱԺ կայքում տեղադրված նախագծի վերջնական տարբերակն ու որևէ սխալ այնտեղ չի նկատել: