13/01/2020 12:49
«Եթե եղել է ձեր կողմից առաջարկ ու մենք չենք ընդունել, սուտ ասողը եսիմ ինչ լինի…». Բացասական եզրակացություն՝ ԼՀԿ օրենսդրական նախաձեռնությանը
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում լրացումներ կատարելու հարցը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում բուռն քննարկումների առիթ դարձավ:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կառավարությունը նախագծի վերաբերյալ դիտարկումներ էր ներկայացրել, մասնավորապես նկատելով, որ առաջարկվող դրույթը՝ գրավը չդիտարկել որպես կալանքը փոխարինող միջոց, հակասահմանադրական է: ՍԴ-ն նշել էր, որ կալանավորումը, որպես խափանման միջոցներից մեկը, անձի նկատմամբ կարող է ընտրվել միայն այն ժամանակ, երբ մյուս խափանման միջոցները թույլ չեն տալիս հասնել հետապնդվող իրավաչափ նպատակներին, ուստի, կալանավորումը, որպես քրեադատավարական հարկադրանքի վերջին՝ բացառիկ միջոց, միշտ և պարտադիր կերպով պետք է այլընտրանք ունենա:
ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացրեց խմբակցության մշակած նախագիծը, որով առաջարկվում է ՍԴ առաջարկած տարբերակին համահունչ իրավակարգավորմամբ հանդես գալ:
«Ի զարամանս ինձ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց, ու ինձ համար անհասկանալի էր կառավարության դիրքորոշումն առ այն, որ դատաիրավական բարեփոխումների շրջանականերում իրենք քրեադատավարական օրենսգրքի նոր նախագիծ ենք ներկայացնում: Ժողովրդական լեզվով ասած՝ ասում են, որ «ոտներդ կախ գցեք, տեսնեք՝ ինչ լուծում ենք տալիս, ինչ է տսացվում», - ասաց պատգամավորը՝ հավելելով, որ եթե կառավարությունն ունի դիտարկումներ նախագծի թերության վերաբերյալ, իրենք պատրաստ են քննարկել առաջարկները, բայց պատճառաբանված չեն համարում նախագծին միանգամից բացասական եզրակացություն տալը:
«Բայց այս վերաբերմունքը, որ պատգամավորների առաջարկած նախաձեռնություններին բացասական եզրակացություն տալ, որ հետագայում կառավարությունը ինքն առաջարկի, ընդունելի չէ: Եթե խնդիր կա, ասեք փոխենք: Լիարժեք պատրաստ եմ կառուցողական համագործակցության, բայց չեմ ընդունում կառավարության նման վերաբերմունքը ԱԺ նկատմամբ», - ասաց Սիմոնյանը:
Ի պատասխան հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նկատեց, որ մինչև ապրիլի 15-ը ժամանակ կա՝ առաջարկելով կառավարության հետ համատեղ նախագծով հանդես գալ:
«Էլի եմ ասում՝ մենք բաց ենք քննարկման համար: Եթե եղել է ձեր կողմից առաջարկ ու մենք չենք ընդունել, սուտ ասողը եսիմ ինչ լինի…», - ասաց պատգամավորը՝ հավելելով.
«4-5 ամիս անցել է, ձեզնից որևէ առաջարկություն կոնկրետ դրույթ, տառ փոխելու չի եղել: Ես այստեղ ազնվության հետ կապված խնդիր եմ տեսնում համագործակցության տեսանկյունից: Եթե դուք գտնում եք, որ պատգամավորի կողմից օրենսդրական նախաձեռնություն ներկայացնեկը կարճ ժամանկահատվածում դատապարտելի է, ասեք՝ իմանանք: Եթե ՍԴ-ն նման որոշում է կայացրել, և ես դա նկատել ու ներկայացրել եմ, դուք պետք է ինձ մի հատ էլ շնորհակալություն հայտնեք, որ ես ուշի ուշով հետևում եմ, որ հանկարծ որևէ դրույթ հակասահամանադրական չմնա մեր օրենսդրության մեջ, ոչ թե ասեք՝ «էս ի՞նչ ա, կառավարության հետ քննարկեք»: