14/01/2020 18:32
Ինձ համար ամեն ինչից վեր մարդկային և մասնագիտական արժեքներն են. Նաիրի Հոխիկյանը՝ «Շանթ»-ից հեռանալու պատճառների ու նոր առաջարկի մասին
Լրագրող, մեկնաբան, վերլուծաբան, վավերագիր Նաիրի Հոխիկյանը 2020 թվականից այլևս չի համագործակցում «Շանթ» հեռուստաընկերության հետ: Այս մասին լրագրողն օրեր առաջ տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջի միջոցով՝ չմանրամասնելով պատճառները: Սովորաբար, նման դեպքերում հանրությունը պատճառները փնտրում է գործատու-աշխատակից հարաբերություններում՝ վստահ լինելով, որ հիմնական դրդապատճառը կոնֆլիկտն է:
Aysor.am-ի հետ զրույցում Ն. Հոխիկյանը նկատեց՝ յուրաքանչյուր աշխատանքում, հատկապես, երբ աշխատում ես տևական ժամանակ, կարող են առաջանալ դժվարություններ և խնդիրներ, բայց դրանք բոլորը հարթվող են, եթե կա փոխադարձ հարգանք:
«Ես «Շանթ»-ի իմ գործընկերների՝ ստեղծագործական և տեխնիկական անձնակազմի հետ աշխատել եմ համերաշխության և փոխադարձ հարգանքի միջավայրում: Խոհանոց բացելու սովորություն չունեմ՝ նախևառաջ հարգելով ինքս ինձ և իմ մասնագիտությունը: Ես հարգանքով եմ վերաբերվում իմ նախկին և ներկա աշխատավայրերին՝ սկզբունք ընդունելով մեկ արտահայտություն՝ որ աղբյուրից ջուր ես խմում, այդ աղբյուրը քար մի գցիր: «Շանթ»-ում աշխատելու 3 տարվա ընթացքում՝ որպես լրատվական թողարկման մեկնաբան և վավերագրական ֆիլմերի հեղինակ՝ ես կարողացա նախ մասնագիտական աճ ունենալ, ապա նաև իմ ավանդը բերել հեռուստատեսության հաջողությունների գործում, այնքանով, որքանով իմ հնարավորություններն են թույլ տվել: Երբեք չեմ տառապել աստղային հիվանդություններով, եթերի դեմք լինելու մերժելի սովորություններով:
Ինձ համար ամեն ինչից վեր մարդկային և մասնագիտական արժեքներն են՝ պետական և ազգային շահի գերակայություն, չափի զգացում և անհատականության պահպանում: Հիմա հասել է մի ժամանակ, որ պետք է գնալ «Շանթ»-ից: Երկար մտածել եմ այդ մասին և որոշել անել այդ քայլը՝ նշածս սկզբունքներով մեկ աստիճան ավելի վերև քայլ անելու համար», - նշեց մեր զրուցակիցը:
Լրագրողն արդեն իսկ մի քանի լրատվամիջոցներից առաջարկներ ունի, ներկայումս աշխատանքային բանակցությունների մեջ է, մի քանի օրից հստակ կլինի՝ որտե՞ղ ու ի՞նչ գործառույթով կշարունակի աշխատանքը: Հատկապես, որ նա նաև վավերագրական ֆիլմերի հեղինակ է. նրա «Վերադարձի ժամանակը» հեռարձակվում էր հենց «Շանթ»-ով:
Հարցին՝ որոշում կայացնելիս ի՞նչն է դեր խաղալու՝ աշխատավարձ, միջավայր, հեռուստատեսության վարկանիշ, կամ գուցե մեկ այլ գործոն, և որպես վավերագի՞ր, թե՞ որպես մեկնաբան կշարունակի գործունեությունը, Նաիրի Հոխիկյանը պատասխանեց.
«Ես վավերագրական ֆիլմեր սկսել եմ նկարահանել դեռևս 2011 թվականից, երբ աշխատում էի «Կենտրոն» հեռուստաընկերությունում: Այն ժամանակ մեկնարկեց իմ «Վերադարձի ժամանակը» ֆիլմաշարը, որը նկարում եմ Արևմտյան Հայաստանում՝ ներկայացնելով այնտեղ ապրող և մինչև այսօր իրենց ազգային ինքնությունը պահպանող հայերին: Հրանտ Դինքի մահից հետո, փաստացի, իմ ֆիլմաշարն է խորությամբ ներկայացրել, այսպես կոչված, «ծպտյալ հայերի» խնդիրն ու ապագայի տեսլականը: 2016 թվականին «Շանթ» հեռուստաընկերությունը առաջին հերթին հրավիրեց աշխատանքի հենց այդ ֆիլմաշարը իրենց մոտ շարունակելու առաջարկով: Նույն թվականին նկարահանեցի ֆիլմի 7-րդ մասը, բայց ֆիլմաշարն ընդհանրապես իմ հեղինակային աշխատանքն է, որը ես համարում եմ իմ կյանքի մի մասը, մասնագիտական գործունեության հիմնաքար: Անպայման կշարունակեմ «Վերադարձի ժամանակը» ֆիլմաշարը, սակայն ոչ «Շանթ»-ում:
Ինչ վերաբերում է այլ աշխատավայրին, ապա ինձ համար շատ կարևոր է նախ լրատվամիջոցի իրական որակը: Աշխատավարձը, միջավայրը և մյուս գործոնները փոխկապակցված են: Դրանք բոլորը կարևոր երևույթներ են, առանց որոնց պատշաճ առկայության չի կարող լինել նորմալ կառույց: Կաշխատե՞մ կրկին որպես լուրերի մեկնաբան, թե՞ ոչ՝ այս պահին չեմ կարող ասել: Ես սիրում եմ մեկնաբանի աշխատանքը, համարում եմ, որ հանրությունը հենց մեկնաբանի ճիշտ աշխատանքից է ստանում ոչ միայն չոր տեղեկությունն, այլև դրա էմոցիոնալ հետևանքները: Մեկնաբանը պետք է ամբողջությամբ յուրացնի այն միտքը, որը փոխանցում է լսարանին, պետք է տիրապետի իրադարձության մանրամասներին և ամենակարևորը՝ հարգի իր լսարանին:
Հեռուստադիտողը միշտ հարգանքի է արժանի՝ անկախ նրանից, թե կրթական ինչ մակարդակի է պատկանում: Եթե դու, որպես մեկնաբան, հարգանքով վերաբերվեցիր քո լսարանին, էկրանից այն կողմ հեռուստադիտողը դա կտեսնի և փոխադարձ հարգանք կունենա քո նկատմամբ: Դա է արժեքավոր լրագրության հիմքը, իմ կարծիքով: Ես աշխատել եմ այդ արժեքներով և եթե շարունակեմ այլ վայրում աշխատել որպես մեկնաբան, բնականաբար, հենց այդ արժեքներով եմ առաջնորդվելու»: