14/01/2020 17:56
Հայաստանում տարածված է լեյշմանիոզ հիվանդությունը, կանխարգելման հարցում օրենսդրական բաց կա. մասնագետ
Ֆեյսբուքյան «Իմ շունը. Հայ շնասերների ակումբ» խմբում այսօր օգտատերերից մեկը գրառում էր արել, նշելով, որ շան մոտ լեյշմանիոզ հիվանդություն է ախտորոշվել։
Կլինիկայում, որտեղ ախտորոշվել է հիվանդությունը, թույլ են տվել կենդանուն տուն տանել։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում կենսաբանական գիտությունների թեկնածու, քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» գլխավոր անասնաբույժ Միհրան Պերճիլազյանն ասաց, որ ՀՀ անասնաբուժության մասին օրենքով լեյշմանիոզը համարվում է հատուկ վտանգավոր հիվանդություն և մտնում է այն հիվանդությունների ցանկի մեջ, որոնք պարտադիր ծանուցման ենթակա են։
«Այսինքն, այն անասնաբույժը, որն այդ ախտորոշումը տվել է, անմիջապես պետք է հայտներ անասնաբուժական տեսչություն, որպեսզի այդ կենդանու նկատմամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեին. անալիզը կրկնվեր հանրապետական լաբորատորիայում, և եթե անալիզը հաստատվեր, այդ կենդանուն էֆթանազիայի ենթարկեին և ոչնչացնեին։ Լեյշմանիոզը մարդու համար վտանգավոր հիվանդություն է», - ասաց Միհրան Պերճիլազյանը։
Ինչ վերաբերում է հիվանդության բուժմանն, անասնաբույժն ասաց, որ լեյշմանիոզի դեղորայքային բուժումն արգելվում է, և եթե որևէ մեկը փորձի բուժում կատարել, կենթարկվի քրեական պատասխանատվության։
«ՀՀ օրենսդրությամբ բուժումն արգելվում է, որովհետև եթե կենդանուն բուժում եք լեյշմանիոզից, դեղորայքային կայունություն է այդ պարազիտը ձեռք բերում, և հետագայում եթե ուզենան մարդու համար օգտագործել, իսկ կենդանու և մարդու համար օգտագործում են նույն դեղորայքները, ապա հնարավոր է մարդուն չկարողանան բուժել»։
Անասնաբույժն ասաց, թե լեյշմանիոզի ախտորոշման դեպքում միանշանակ հայտնում են անասնաբուժական տեսչությանը, տեսչությունն է զբաղվում դրանով։
Հարցին՝ ե՞րբ է վերջին անգամ ախտորոշվել այդ հիվանդությունը, ՀՈԱԿ-ի գլխավոր անասնաբույժը պատասխանեց.
«Ամեն օր լեյշմանիոզ ախտորոշում եմ, ամեն օր հայտնում եմ դրա մասին։ Շատ է տարածված, վիճակը վաղուց է մտահոգիչ։ Արդեն քանի տարի է Հայաստանում կա այդ հիվանդությունը»։
Հարցին, թե կանխարգելման կամ վերացման համար ի՞նչ է անհրաժեշտ, բժիշկը պատասխանեց.
«Կան համապատասխան միջոցառումներ, որոնք արվում են անասնաբուժական տեսչության կողմից, քաղաքապետարանի ՀՈԱԿ-ի կողմից»։
ՍԱՊԾ անասնաբուժական տեսչության գլխավոր մասնագետ Հայկ Սերոբյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ լեյշմանիոզը կենդանիներից փոխանցվող հիվանդություն է, մարդիկ էլ են վարակվում։ Փոխանցողները հանդիսանում են մժեղները, արյունածուծ միջատները, որոնց միջոցով տարածվում է հիվանդությունը։ Կծում են հիվանդ կենդանուն, հետո մարդուն, մարդը վարակվում է, մարդուց էլ կարող է վտանգը փոխանցվել կենդանուն։
«Եթե համապատասխան քայլեր չձեռնարկվեն, հիվանդությունը մահացու է։ Բուժումը բավականին թանկարժեք է, դժվար բուժվող հիվանդություն է։ Շներին բուժելը գրեթե անհնար է, քանի որ բուժելուց հետո հարուցիչները կայունություն են ձեռք բերում, հետո արդեն մարդուն բուժելը խիստ դժվարանում է», - ասաց Հայկ Սերոբյանը։
Ինչպես և անասնաբույժ Միհրան Պերճիլազյանը, անասնաբուժական տեսչության գլխավոր մասնագետը ևս հաստատեց՝ հիվանդությունը տարածված է, հանրապետությունում դեպքեր կան։
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը 2019 թվականին պաշտոնապես 3 դեպքի մասին են հայտնել՝ արձանագրված Սյունիքի, Լոռու մարզերում և Երևանում։
Մասնագետի խոսքով՝ եթե կենդանին թեստին դրական է հակազդել, ապա անպայման պետք է էֆթանազիայի ենթարկվի.
«Կենդանուն քնեցնում ենք, որպեսզի հիվանդությունը չտարածվի»։
Դիտարկմանը, որ, օրինակ, վերոնշյալ դեպքում, հիվանդ կենդանուն տերը տուն է տարել՝ դա թույլատրելի՞ է, Հայկ Սերոբյանը պատասխանեց.
«Հրահանգը մշակում ենք, որ կոնկրետ այդ հարցը օրենսդրորեն կարգավորվի։ Օրենսդրական դաշտում այդ հարցում բաց կա։ Կենդանու տերը պետք է մտածի և հասկանա, թե ինչ վտանգ է կենդանին սպառնում։ Այդ շանը պահելով՝ նա իր ընտանիքի անդամներին, հարևաններին վտանգի առջև է կանգնեցնում»։
Նա ասաց նաև, որ հանդիպում է եղել անասնաբուժական կլինիկաների անասնաբույժ-մասնագետների հետ, հայտնել են իրենց մտահոգությունը և հորդորել հիվանդության բացահայտման դեպքում իրենց տեղեկացնել։
Հիվանդության հայտնաբերման դեպքերի քանակի մասին Հայկ Սերոբյանը դժվարացավ ստույգ թիվ ասել։
Խնդրի լուծումը, մասնագետի խոսքով, շատ դժվար է։
«Քայլեր պետք է ձեռնարկվեն միջատների դեմ պայքարելու համար, ճահիճների չորացման համար, փոխանցող գործոնները գոնե հնարավորինս վերացնենք։ Իսկ հիվանդության հայտնաբերման համար պետք է կենդանիներին պարբերաբար ստուգումների տանել։ Թեստին դրական հակազդած կենդանիներին պետք է էֆթանազիայի ենթարկել, որպեսզի մարդկանց բուժումն ավելի հեշտ լինի»։