14/01/2020 10:53
«Ծննդյան վկայականում պիտի գրվի՝ մարդն ինչ սեռի ա». Խորհրդարանը փոփոխություններ է առաջարկում համապատասխան օրենքում
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցը: Ըստ նախատեսվող փոփոխությունների՝ առաջարկվում է ծննդյան վկայականում քաղաքացու ազգանունից հետո ավելացնել «սեռը» բառը:
Նշված լրացմամբ նախատեսված տեղեկությունը դասվում է Օրենքի 23-րդ հոդվածում նախատեսված այն տեղեկությունների շարքին, որոնք պետք է նշվեն ծննդյան վկայականում՝ անկախ ծնողների փոխադարձ համաձայնությունից և ցանկությունից: Մինչդեռ գործող կարգավորմամբ երեխայի սեռի՝ ծննդի ակտի գրառման մեջ լրացնելը կախված է ծնողների փոխադարձ համաձայնությունից և ցանկությունից:
«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե արդյոք կա ուսումնասիրություն առ այն, որ եթե ծննդյան պահին սեռը հնարավոր չէ որոշել, ինչ է տեղի ունենում:
«Բայց ո՞նց կարա սեռը որոշելը հնարավոր չլինի, որոշելը ո՞րն ա», - տեղից արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Հարցով հարակից զեկուցող իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ արձագանքեց. «Ես մտածել եմ այդ հարցի շուրջ, ես մասնագետ չեմ, բայց եկել եմ այն եզրակցության, որ առնվազն ֆիզիոլոգիական սեռը ակնհայտ է լինում»:
Պետրոսյանն էլ արձագանեց.
«Բայց դրա համար մասնագետ պետք չի լինել: Լավ ո՞նց կարելիա, տղեն տղայա, աղջիկը՝ աղջիկ»:
Պատգամավորը նկատեց, որ թեև չի ուզում հեգնել գործընկերոջը, մինչդեռ ծնվելու պահին սեռը չի կարող հայտնի չլինել:
«Այո, ծննդյան վկայականում պիտի գրվի՝ մարդն ինչ սեռի ա, որ եթե վաղը մյուս օր մարդ որոշի իր սեռը դավաճանել, իմանանք, որ ինքը դավաճան է: Եթե սեռը չենք գրում, մարդը կարող է ասել՝ «բայց Ձեզ ո՞վ է խաբել, որ ես տղա եմ, կամ աղջիկ եմ»: Մենք պետք է մեր սեռերը, սեռական կողմնորոշումներն ու պատկանելիությունը պահպանենք: Եթե ոչ, ուրեմն մեր ազգն ապագա չունի», - ասաց Պետրոսյանը: