14/01/2020 17:10
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջից հեռացրել է Հայաստան ժամանողների մասին այսօրվա գրառումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացրել է Հայաստան ժամանողների մասին այսօրվա գրառումը։
«Նախորդ գրառումը ջնջեցի, որովհետև մեր մի քանի գերատեսչությունների միջեւ ճշգրտումների կարիք կա:
Ասեմ նաև, որ վիճարկող գերատեսչության վարկածով՝ 2019-ին Հայաստան ժամանողների թիվը ավելի մեծ է, քան մեկ այլ գերատեսչության առաջարկած թիվը, որը ես հրապարակել էի: Այնպես որ, վիճարկումը ոչ թե հոռետեսական է, այլ լավատեսական: Առաջիկայում կպարզաբանեմ», - Facebook-ում գրել է Փաշինյանը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ 2019 թվականին Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ:
Նա նշել էր, որ 2018 թվականին Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ, իսկ 2017-ին՝ 1 միլիոն 751 հազար 729 մարդ:
2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավելի մարդ:
«Նշեմ նաև, որ 2018-ի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո դրական սալդո է արձանագրվել ժամանողների օգտին: Այսինքն, ի տարբերություն վերջին շա՜տ երկար տարիների, թե՛ 2018, թե՛ 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել», - գրել էր Փաշինյանը: