15/01/2020 11:41
«Կխախտենք միջազգային հարթակներում մեր ստանձնած պարտավորությունները». Կառավարության եզրակացությունը՝ ԼՀԿ նախաձեռնությանը
ԱԺ տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը:
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից ՀՀ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող 3-5 տարեկան մեքենաների համար ԱԱՀ սահմանել 10 տոկոսի չափով, իսկ 5-10 տարեկան մեքենաների համար՝ 5 տոկոսի չափով:
Կառավարարության տեսակետը ներկայացնելուց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ասաց, որ կառավարությունը մի շարք խնդիրներ է տեսնում այստեղ: Նախ, նրա խոսքով, նախագիծը հարկադրվում է ՀՀ հայտարարած քաղաքականությանը՝ աստիճանաբար գնալ անուղղակի հարկերի բարձրացման, բացի այդ՝ նախագծի ընդունման դեպքում կխախտվեն ԵԱՏՄ հետ ստանձնած պարտավորությունները:
«Նախագծի ընդունմամբ մենք կխախտենք միջազգային հարթակներում մեր ստանձնած պարտավորությունները և առաջանհերթությունները ԵԱՏՄ շրջանակներում: Նախագծի ընդունմամբ կստացվի, որ երրորդ երկրներից ստացված ներմուծումների համար ավելի մեղմ պայմաններ են սահմանվում, քան միության անդամ հանդիսացող երկրների պայմաններում, որը ուղիղ հակադրվում է ԵԱՏՄ մասին հիմնարար սկզբունքներին», - ասաց փոխնախարարը:
Կառավարության հաջորդ դիտարկումն այն է, որ առաջարկության ընդունումը ռիսկային կարող է լինել հարկման հավասարության տեսանկյունից: Արդյունքում, այլ ապրանքների ներմուծման համար նույնպես ԱԱՀ-ի նվազեցված դրույքաչափեր կիրառելու հարց կբարձրացվի, ինչը խնդրահարույց է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների տեսանկյունից:
Նախագիծը դրվեց քվեարկության և, չարժանանալով հավանության, չընդգրկվեց գալիք շաբաթ մեկնարկվող քառօրյայի օրակարգ: