16/01/2020 11:54
Երկու կալանավորված անձ և մեկ դատապարտյալ շարունակում են հացադուլը, առողջական վիճակը նորմալ է. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀ
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում երկու կալանավորված անձ և մեկ դատապարտյալ հունվարի 14-ին հայտարարել են հացադուլ՝ կապված իրենց առողջական խնդիրների և քրեական գործերի հետ, Aysor.am-ին փոխանցեցին քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
«Այս պահին շարունակում են հացադուլը», - տեղեկացրին ՔՀ-ից՝ նշելով, որ դատապարտյալների առողջական վիճակը նորմալ է.
«Երկու օրվա ընթացքում խնդիրներ չեն կարող առաջանալ, առողջական վիճակը նորմալ է, առանձնացված են առանձին խցում, հսկողության տակ են»:
Ճշտող հարցին, թե արդյոք կան պնդումներ, որ ազատազրկումն անհամատեղելի է առողջական խնդիրների հետ, քրեակատարողական հիմնարկից փոխանցեցին.
«Որքանով տեղեկացված եմ՝ դրանով կապված չէ»:
Երեկ Aysor.am-ի խմբագրություն էին դիմել Դատապարտյալների հիվանդանոցում հացադուլ հայտարարած երեք անձ՝ Գեղամ Վարուժանի Մելքոնյանը, Կարեն Հովհաննեսի Հովհաննիսյանն ու Վանիկ Ժորայի Գալստյանը՝ պնդելով, որ ունեն ծանր հիվանդություններ:
Գեղամ Մելքոնյանի եղբայրը Aysor.am-ին փոխանցել էր, որ եղբայրը տառապում է էպիլեպսիայով և դատապարտվել է 5 տարի 4 ամիս ժամկետով, որից 9-ը ամին անցկացրել է Դատապարտյալների հիվանդանոցում։