17/01/2020 12:36
Երեկ պաշտոնապես դիմել եմ Գլխավոր դատախազին. Նաիրա Զոհրաբյան
Երեկ պաշտոնապես դիմել եմ գլխավոր դատախազին և ներկայացրել եմ բոլոր նյութերը, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով անհայտ անձի կողմից իր օգտահաշիվ մուտք գործելու թեմային։
«Այո, քիչ առաջ խոսում էի Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ։ ՄԻՊ-ի հետ էլ քննարկում ենք համատեղ խորհրդարանական լսում անցկացնելու հարցը։ Սոցիալական մեդիայում ատելությունը ես համարում եմ մեր երկրի ազգային անվտանգության լրջագույն խնդիր։ Ատելության խոսքը, գռեհկաբանությունը, հայհոյանանքները վիրտուալ տիրույթից տեղափոխվել են իրական կյանք, ինչը պետք է կասեցվի։
Բոլոր ռեսուրսներն իշխանության ձեռքին են, և նրանք կարող են փորձ անել՝ այս ամենը կասեցնելու։ Որևէ մեկն ատելության խոսքի թիրախ չպետք է լինի։ Միաժամանակ, ես չեմ հավատում, որ օրենսդրորեն կարողանալու ենք գտնել բալանսավորված լուծում, որը չի դառնա դամոկլյան սուր խոսքի ազատության սահմանափակման համար», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։