17/01/2020 16:16
Աղասի Ենոքյանը շանտաժ է որակել հեռուստաընկերությունների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը (Տեսանյութ)
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանի լրատվական դաշտին առնչվող իրադարձություններին, ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքին` հատկանշական համարելով, որ նախկինում խմբագիր, իսկ այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրովի վերաբերմունք է ցուցաբերում իրեն գովերգող լրատվամիջոցների նկատմամբ` փոխարենը մեղադրանքներ ուղղելով այն լրատվամիջոցներին, որոնք քննադատաբար են մոտենում իշխանությանը:
Վերջին օրինակը, ըստ Աղասի Ենոքյանի, հինգշաբթի տեղի ունեցած կառավարության նիստին վարչապետի հայտարարությունն է` որոշ հեռուստաընկերությունների վերաբերյալ:
«Ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանին ասել, որ լրատվամիջոցներն իրենց գործն են անում, լրատվամիջոցները պատերազմ չեն վարում, լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Եթե դա իրեն հաճելի չէ, ապա դա չի նշանակում, թե լրատվամիջոցները վատ են աշխատում: Ընկալումների տարբերություն կա պարզապես»,- ասել է Ենոքյանը և հավելել, որ իշխանությունները չեն ցանկանում, որպեսզի իրենց նախաձեռնած կոռուպցիոն գործընթացների մասին տեղեկությունը տեղ գտնի մամուլում:
Աղասի Ենոքյանն անդրադարձել է նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որն այս օրերին ակտիվ քննարկվում է և ընդգծել է, որ նախագծով «Հանրային հեռուստաընկերությանը» դաշտում մեծ առավելություններ են տրվում` ի հաշիվ այլ ալիքների:
««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքն անցյալ տարի ներկայացվել էր, ներկայացվել էր մի դաժան օրենք, համաձայն որի բոլոր հեռուստաալիքները պետք է եթերից դուրս գային, և եթերում մնար միայն մեկը` «Հանրային հեռուստաընկերությունը» իր տարբեր հաղորդումներով, իր տարբեր ֆորմատներով: Լրագրողական հանրության բուռն ջանքերի շնորհիվ այս օրենքը դուրս եկավ շրջանառությունից, և կոնցեպցիաներ էին քննարկում, թե ինչպիսին պետք է լինի նոր օրենքը: Քննարկման ժամանակ պարզվեց, որ սրանից շատ հեռու չեն գնացել: Խոսում էին եվրոպական ստանդարտներից, պահանջներից, հանրության կարիքներից, և այս ամենն այնքան գեղեցիկ էր փաթեթավորված, որ ակնհայտ էր դառնում, որ մնալու է հինը, մնալու է այն նույն մոտեցումը, որ հանրային եթերն իշխանության եթերն է, և իշխանության եթերում պետք է լինի միայն իշխանության ալիքը: Կարծում եմ այս ամենին մեկ ուրիշ հանգամանք է նպաստել: Ես տեղեկություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են հեռուստաալիքների , լրատվամիջոցների իրական ռեյտինգները, և նա հասկացել է, որ այն ալիքները, որոնք գտնվում են իր «պատրոնաժի» տակ, այն կայքերը, որոնց ինքը վստահում է, որոնք իրեն անընդհատ գովերգում են, դրանց ռեյտինգը շատ ավելի ցածր է մյուսներից, որտեղ ներկայացվում է Հայաստանում տիրող իրական պատկերը: Այստեղ կարելի է մրցակցության միջոցով ավելի շատ հեռուստադիտող գրավել, բայց նա գնում է այլ ճանապարհով. փորձում է փակել մյուս հեռուստաալիքները, որպեսզի մնան միայն նրանք, որոնք իրեն են գովերգում», - ասել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավարը: