17/01/2020 13:45
«ՍԴ դատավորների կանանց հայտարարություն է լինելու». Արևիկ Պետրոսյանը բացահայտեց ՍԴ հումորներից մեկը
Սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Պետրոսյանն իր գործընկերների գործընկերների մոտ ճնշվածություն չի տեսնում՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված։
«Իմ որևէ գործընկեր մեր ընդհանուր զրույցների ընթացքում չի ասել, որ նա օգտվելու է այդ հնարավարությունից։ Կօգտվեն, թե ոչ, դա իրենց իրավունքն է, առաջիկայում կտեսնենք։ Բայց իմ գործընկերների մոտ ճնշվածություն չեմ տեսնում», - «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում ասել է Սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Պետրոսյանը։
Դիտարկմանը, թե ուժային կառույցներին հրահանգ է իջեցվել, որպեսզի ՍԴ որոշ դատավորների արտամուսնական կապերի մասին տեղեկատվություն հավաքեն և որպես ճնշում գործադրեն ու ստանան հրաժարականներն ու նրանց կենսաթոշակի ուղարկեն, սրան դատավորներն ինչպես են արձագանքում, Արևիկ Պետրոսյանը պատասխանել է.
«Գոնե ուժային կառույցների ներկայացուցիչները քաջ գիտակցում են, որ եթե պաշտոնապես հաստատվի այդ տեղեկատվությունը, դրա հարցի պատասխանը տալու է ոչ թե Արևիկ Պետրոսյանը կամ ՍԴ-ն, այլ քրեաիրավական օրենսդրությունը՝ համապատասխան գնահատականով և հետևանքներով հանդերձ։ Եթե չի հաստատվում այդ տեղեկատվությունը և այն իրականությանը չի համապատասխանում, բնականաբար, այդ ինֆորմացիային կարելի է վերաբերվել հումորով, ինչպես և վերաբերվում ենք այս պահի դրությամբ։
Այդ ժանրից մի այսպիսի դիտարկում կատարեմ, երբ գործընկերներով այս հարցին անդրադառնում ենք, ասում ենք, որ սրա վերջը լինելու է ՍԴ դատավորների կանանց հայտարարությունը, որով իրենք կարող են հորդորել, որպեսզի չմտնեն մատի և մատանու արանքը։ Եվ անկախ ստեղծված իրավիճակից, իրենք սիրո, հանդուրժողականության, միաբանության շրջանակներում իրենց ընտանեկան բնականոն հունով ապրելու են»։
Հարցին, թե այնուամենայնիվ, սպառնալիքներ եղե՞լ են, Արևիկ Պետրոսյանը պատասխանել է.
«Սպառնալիքներ, ճնշումներ, հորդորներ, այս ձևակերպումները թողնենք մի կողմ։ Ես հիմա աշխատում եմ, ունեմ իմ վստահությունը և իմ առաքելությունն իրականացնելու եմ։ Հետագայում, եթե անհրաժեշտություն լինի, այդ թեմայով ավելի մանրամասն զրույցներ կունենանք։ Փաստն այն է, որ ՍԴ-ն բնականոն հունով աշխատում է այս պահի դրությամբ, յուրաքանչյուր դատավոր ունի իր լիազորությունների տիրույթ, որի վարույթով աշխատում է»։