18/01/2020 16:42
«Միահամուռ կանգնենք երկրի ղեկավարի կողքին». «Հեղափոխության պահապաններ» ակցիա՝ Հաղթանակի զբոսայգում
Հաղթանակի զբոսայգում այսօր անցկացվել է «Հեղափոխության պահապաններ» ակցիա:
«Մեր հեղափոխոիթյունը շարունակվում է, շարունակական է ու չի վերջացել», - հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մասնակիցները նշել են, թե պետք է պայքարել հնի մնացորդների դեմ:
«Դուխով, մինչև վերջ գնալու ենք առաջ», - հայտարարվել է ակցիայի ժամանակ:
Ակցիայի մասնակիցներից Սուրենը, որը հայտարարել է, թե Արագածոտնից է, կոչ է արել բոլորվ միահամուռ կանգնել երկրի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի կողքին:
«Պիտի շատ ուժեղ լինենք, մենք երբ ուզենք, պիտի դուխով մեր ազգի հարցերը լուծենք», - հայտարարել է Սուրենը:
Իրավապաշտպան Հայկազ Մակարյանն էլ հայտարարել է, թե ամբողջ Սփյուռքն ու հայությունը իրենց կողքին է:
«ՀՀ դատական համակարգը պետք է մեկընդմիշտ հասկանա, որ վեթինգի ինստիտուտը, որը կիրառվել է վարչապետի կողմից, անկասելի է ու անփոփոխ», - ասել է նա:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյաննն ասել է, որ «Հայաստանը մեր օջախն է, ժողովուրդը մեր ընտանիքն է», այո, դա այդպես է ու մենք թույլ չենք տալու, որ ոչ մի թափթփուկ մեր ընտանիքի անդամին հայհոյի», - ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Նրանք հայտարարել են, որ իրականացնելու են տարբեր տեսակի միջոցառումներ, որոնք միտված են լինելու կանխարգելման ցանկացած հակահեղափոխական դրսևորմանը:
Նշենք, որ ակցիայի մասնակիցների թվում են նաև այն երիտասարդները, ովքեր անցյալ տարի հարձակվել էին «Հայելի» մամուլի ակումբի վրա: