18/01/2020 14:12
Հրայր Թովմասյանի հասցեին ոչ կոռեկտ մեկնաբանություն արած ոստիկանի գրառման կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել
Համացանցում երեկվանից ակտիվորեն տարածվում է Ոստիկանության աշխատակցի ոչ կոռեկտ գրառումը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին։
Ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Պետրոսյանը տեղադրել էր Վազգեն Սիմոնյան անվամբ Ոստիկանության ծառայողի մեկնաբանությունը իրավիճակին, երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չէր կարողացել զսպել հուզմունքը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում։
Վերջինս անպարկեշտ արտահայտություններ էր թույլ տվել ՍԴ նախագահի հասցեին՝ նշելով, թե «հաջորդը քեզ են խփելու»։
ՀՀ ոստիկանությունից Aysor.am-ին հայտնեցին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է նշանակվել։
«Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակված», - հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։