20/01/2020 17:25
Մեծ Բրիտանիայի դեսպանությունը չի մեկնաբանում Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը չի մեկնաբանում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը։
«Ի պատասխան ձեր հարցման, հայտնում ենք, որ Երևանում Բրիտանական դեսպանատունը և ՄԹ արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը իրավասու չեն պատասխանել անհատների քաղաքացիությանը վերաբերող հարցերին։ Խորհուրդ ենք տալիս ձեր հարցումն ուղղել նախագահ Սարգսյանի գրասենյակ», - նշված է Aysor.am-ին տրված պատասխանում։
Նշենք, որ նախագահի աշխատակազմից Aysor.am-ին հայտնել էին, որ նախագահը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011 թվականին։
«Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը բազմիցս պատասխանել է այդ թեմայով հրապարակումներին։ Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011 թվականին», - Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշենք, որ Politik.am կայքում օրերս «Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել» վերտառությամբ հոդված էր հրապարակվել։
«Այսինքն, նախագահ Արմեն Սարգսյանի պնդմամբ, ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011 թվականին, սակայն այդ պետության պետական մարմիններում շարունակել են իրեն ներկայացնել որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Խոսքը մասնավորապես Մեծ Բրիտանիայի ռեգիստարցիոն պալատի մասին է (Companies House): Արմեն Սարգսյանն այս կառույցին իր կողմից հիմնդրած «Eurasia house international» կազմակերպության մասով 2011 թվականից հետո ներկայացրած երեք հաշվետվություններում ներկայացված է որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի (2014 , 2013, 2012)։ «Companies House»-ին սխալ տվյալներ ներկայացնելը հանցագործություն է», - գրել էր կայքը, նշելով, որ Արմեն Սարգսյանի կողմից երեք անգամ նույն տեղեկությունների թերի ներկայացումը կարող է դիտարկվել որպես դիտավորություն ու կարող է առաջացնել նաև քրեական պատասխանատվություն:
Հրապարակման հետ կապված նախագահի աշխատակազմից Aysor.am-ին հայտնել են՝ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
«Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, դրանք թյուրըմբռնման և ոչ ճիշտ ընկալման արդյունք են կամ արհեստածին են և քաղաքական շահարկումների դաշտից», - հայտնել էին ՀՀ նախագահի աշխատակազմից։