20/01/2020 13:40
Մենք այժմ լատենտ դեպոպուլացիայի փուլում ենք․ Միքայել Մալխասյան (Տեսանյութ)
Թեև այս պահին Հայաստանում բնական աճը ունի դրական ցուցանիշ, այդուհանդերձ մեր երկիրը գտնվում է լատենտ դեպոպուլյացիայի փուլում։ «Առաջին հայացքից» հաղորդման ընթացքում անդրադառնալով Հայատանում ժողովրդագրական միտումներին և առաջիկա տարիներին ճգնաժամի խորացման խնդրին, նման տեսակետ է հայտնել պատմաբան, ժողովրդագրության փորձագետ Միքայել Մալխասյանը։
«Մենք այսօր գտնվում ենք մի փուլում, որ ժողովրդագրության մասնագետներն անվանում են բնակչության մոմենտում։ Դա նշանակում է, որ երկարատև ժամանակահատվածում մեզ մոտ նկատվել է կնոջ պտղաբերության գործակցի նվազում անհրաժեշտ շեմից՝ 2.15–ից։ Դա նկատվել է 1993 թվականից սկսած։ Եվ այդ փուլը նշանակում է, որ մի որևէ կոնկրետ ժամանակահատվածում (դա մաքսիմում 30-35 տարում է լինում) գրանցվելու է բնակչության դեպոպուլացիա, այսինքն՝ բնակչության բացասական աճ՝ ծնունդների և մահերի բացասական տարբերություն։
Սա նաև անվանվում է լատենտ դեպոպուլացիայի փուլ, այսինքն՝ երբ դեռևս ծնվածների թիվը ավելի շատ է, քան մահացածների թիվը, սակայն քանի որ նախորդ ցիկլերում գրանցվել է ծնունդների բավական մեծ թիվ (խոսքը խորհրդային շրջանում ծնելիության բումի տարիների մասին է), քանի որ նրանք են հիմա սերնդատվության փուլում, մեզ մոտ դեռևս ծնունդների թիվը ավելին է, քան մահերի թիվը», - պարզաբանել է Մալխասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.