21/01/2020 10:35
«Հելանք կանգնանք Փաշինյանի կողքին, որ հին կառավարության ծրագրերը չգա մեյդան». Մխչյանցիները ակցիայի են դուրս եկել
Արարատի մարզի Մխչյան գյուղում գյուղացիները բողոքի ակցիա են անում՝ ընդդեմ Սպանդանոցների մասին կառավարության որոշման։
Հիշեցնենք՝ հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։
«Եթե գաղափարապես դու էդքան զարգացած ես ու կարաս ժողովրդի հարցերին պատասխանես, մի հատ արի ժողովրդի մեջ, պատասխանի հարցերին», - դիմելով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ասաց գյուղացիներից մեկը։
Դիտարկմանը, թե այս որոշումն ընդունվել էր դեռ 2017 թվականին, գյուղացիներից մեկն արձագանքեց. «Դա եղել է 2016 թվականից, նախկին կառավարությունն է արել, սա եղել է «հանրապետականների» ծրագիրը, որովհետև էսօր մեր կառավարությունը չի կարող ծրագիր դնել, լրիվ հին կառավարության ծրագիրն են անում, իրանց դրել են փիլիսոփայի տեղ, բայց ոչ մի բան էլ չեն կարողանում անեն», - ասաց մխչյանցին։
«Հենց սրա համար էինք պայքարել, դրա համար հելանք, կանգնանք մեր պարոն Փաշինյանի կողքին, հելանք կանգնանք, որ հին կառավարության ծրագրերը չգա մեյդան, դրանցից էսօր ով ի՞նչ ա հասկանում, իրանք նստել են իրանց աթոռներին, 3 միլիոնով իրանց պարգևատրում են ու պրծնո՞ւմ», - նշեց գյուղացիներից մեկը։