21/01/2020 12:22
Արդեն որերորդ անգամ Արման Բաբաջանյանը սադրում է. Արման Աբովյան
Արդեն որերորդ անգամ Արման Բաբաջանյանը սադրում է. սադրում է ուղիղ, սադրում է անուղղակի։ Ես, ճիշտն ասած, չհասկացա՝ ինչը բորբոքեց նրան, որ այստեղ ականատես եղանք մեկ դերասանի թատրոնի, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Անդրադառնալով ԱԺ-ում քիչ առաջ ծագած միջադեպին՝ պատգամավորը շեշտեց՝ Գևորգ Պետրոսյանն իր ելույթով ոչ ոքի չի վիրավորել։
«Հասկանում եմ՝ պարոն Բաբաջանյանն ինչի համար է սադրում։ Որ նրա հովանավորության տակ գտնվող լրատվամիջոցում հայտնվի մի գրառում՝ ««Բարգավաճ Հայաստանը» պաշտպանում է կրիմինալը»։ Ո՛չ, կրկին ո՛չ։ Չի ստացվի մեր վզին փաթաթել այն, ինչ գոյություն չունի։ Ես հասկանում եմ իրական նպատակը։ Այն մեր դիրքորոշումը նենգափոխելն է։ Եթե դահլիճից կարգապահական պատճառով ԲՀԿ 4 պատգամավոր է հեռացվում, ապա կարծում եմ, որ պետք է հեռացվի նաև սադրիչը՝ Արման Բաբաջանյանը», - ասաց նա։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորին.
«Լավ է, որ այդպես եք կարծում, պարոն Աբովյան, բայց այդպիսի կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունի նիստը նախագահողը»։