21/01/2020 16:16
Խնդրում եմ՝ իմ հեղինակության հետ ոչ մի ֆրակցիա չխաղա. Արարատ Միրզոյան
Իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանից, թե ԱԺ ինչ իրավասությունների շրջանակներում է ԼՀԿ-ն հանդես եկել Երևան համայնքին նվիրատվությունների վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով.
«Եթե տեղյակ չեք, ասեմ, որ օրենքների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ բացառիկ իրավունքն ԱԺ մշտական հանձնաժողովներին է պատականում, քննիչ հանձնաժողովը չի կարող հանդես գալ նման կարգավիճակում», - ասաց պատգամավորը:
Ի պատասխան Անի Սամսոնյանն ասաց, որ հանձնաժողով ստեղծելու մասին դրական եզարակացություն ներկայացրել է ԱԺ նախագահը:
«Իսկ այս ինստիտուտի գլուխը պարոն Արարատ Միրզոյանն է, եթե դուք ունեք խնդիրներ կամ կասկածներ այս քննիչ հանձնաժողվի օրինականության վերաբերյալ՝ պիտի դիմեք պարոն Միրզոյանին: Եթե պարոն Միրզոյանն ընդունել է այդ որոշումն, ուրեմն հարց է ծագում՝ դուք կա՛մ ձեր ԱԺ նախագահին չեք վստահում, կա՛մ փորձում եք քննիչ հանձնաժողովի օրինականությունը վարկաբեկել, ո՞ր մեկն է», - ասաց նա:
Դահլիճում տիրող լռությունն ընդհատեց Արարատ Միրզոյանն՝ ասելով «հը՞ն տիկին Ջուլհակյան»:
«Պատասխանեք՝ ո՞ր մեկն է», - հետաքրքվեց Սամսոնյանը:
Ջուլհակայանն էլ նշեց.
«Երբ ես ունենում եմ հարց՝ ուղղված պարոն Միրզոյանին կամ ԱԺ համապատասխան ստորաբաժանումներին, ես այդ հարցը ուղղում եմ նրանց, քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկ արել եք Դուք, և ես Ձեզնից եմ ակնկալում այդ հարցի պատասխանը»:
Ի պատասխան Անի Սամսոնյանը մեջբերեց ԱԺ կանոնակարգ օրենքից հոդված, թե որ դեպքում է ԱԺ նախագահը դիմումով տեղեկացնում հանձնաժողովի ստեղծման մերժման հիմքերի մասին՝ նշելով.
«Իսկ ինչո՞ւ չի վերադարձվել, խնդրում եմ այդ հարցով դիմել Ազգային ժողովի նախագահ, իմ շատ հարգելի գործընկեր Արարատ Միրզոյանին, որի հեղինակության հետ Դուք հիմա խաղում եք»:
«Ժողովուրդ ջան, մի րոպե, խնդրում եմ՝ իմ հեղինակության հետ ոչ մի ֆրակցիա չխաղա», - կատակեց Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ եթե համապատասխան թվով ստորագրություններ հավաքվել են ու հանձնաժողով ստեղծվել է, ԱԺ նախագահն իրավունք չունի մերժել հանձնաժողով ստեղծելու հիմքերը:
Հիշեցնենք՝ խորհրդարանում քննարկվում է «2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» հարցը: