21/01/2020 16:00
Չեմ կարծում, որ քաղաքապետարանում ինչ-որ մեկը կամազների սիրահար էր. Վիկտոր Ենգիբարյան
ԱԺ-ում քննարկվում է «2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» հարցը:
«Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հետաքրքրվեց հարցով հիմնական զեկուցող «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանից` ինչո՞ւ է հանձնաժողովի անվան մեջ նշված միայն «համայնքին փոխանցված տարնսպորտային միջոցներ և այլ գույք», բայց իրենց խմբակցությունից հայտարարություններ են եղել համայնքին դրամական միջոցների փոխանցման մասին.
«Այո՛, մենք ունեցել ենք տեղեկություններ և փոխանցել ենք դրանք, բայց որևէ պնդում չենք արել դրանց հիմքով: Եթե լիարժեք տեղեկատվություն ունենայինք, այս հանձնաժողովը չէր ստեղծվի: Սա ևս նպատակ ունի հասկանալ, թե ինչ մեխանիզմներով են իրականացվել այդ գործարքները», - ասաց Սամսոնյանը:
Ենգիբարյանն էլ ճշտող հարց տվեց՝ կարո՞ղ են փաստել, որ իրենց ձեռքի տակ եղած տեղեկություններով Երևան համայնքին նվիրաբերվել է գույք, որն ամբողջությամբ անցել է Երևան համայնքին և անձնական շահեր չեն եղել.
«Չեմ կարծում, որ քաղաքապետարանում ինչ-որ մեկը կամազների սիրահար էր: Դուք համաձա՞յն եք, որ համայնքային շահերի խնդիր է եղել, թե՞ անհատական շահեր եք այստեղ տեսնում», - ասաց Ենգիբարյանը:
Սամսոնյանն էլ նկատեց, որ կոռուպցիայի սահմանումը լայն է ու դրանում միայն ոչ անձնական եկամուտը չէ կոռուպցիոն դրսևորում: Սամսոնյանն ընդգծեց, որ կոռուպցիոն դրսևերում կարող է լինել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով սեփական վարկանիշը բարձրացնելու գործողությունը: