21/01/2020 09:49
«Հրապարակ». Ինքնասպանություն գործող անձն ինքնասպանությունից առաջ որ կրակոցներ արձակի, փոքր-ինչ խնդրահարույց է. Սերգեյ Ատոմյան
«Հրապարակ» թերթը գրում էմ որ նախկին քննիչ, «Իմ քայլի» պատգամավոր Սերգեյ Ատոմյանը, իր փորձից ելնելով, խնդրահարույց է համարում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահվան հետ կապված որոշ դրվագներ:
«Ինքնասպանություն գործող անձն ինքնասպանությունից առաջ, որ կրակոցներ արձակի, փոքր-ինչ խնդրահարույց է, կամ կարող ենք վկայել այն մասին, որ տվյալ անձը հոգեկան լարվածության մեջ է գտնվում, լարվածությունը հանելու համար կրակոցներ է արձակում կամ ուզում է ինքնասպանություն գործել, բայց չի կենտրոնանում և վերջում հասնում է նրան, որ ինքն իրեն է խփում։ Այդ վարկածից ելնելով՝ կարող ենք երկու ձևով էլ տրամաբանել, բայց քանի որ նախաքննության մանրամասներ չգիտենք, ճիշտ կլինի չմեկնաբանել», - թերթի հետ զրույցում ասել է նա։
Նա նաև շեշտել է, որ իր համար առավել համոզիչ է ինքնասպանության հասցնելու պաշտոնական մեղադրանքը։ Թե ով կարող է ԱԱԾ նախկին տնօրենին հասցնել ինքնասպանության, պատգամավորը չի կարող ասել, փոխարենը բացառում է, որ իշխանությունների կողմից նա երբևէ ճնշումների է ենթարկվել, կամ ստեղծված մթնոլորտն է հոգեբանական ազդեցություն ունեցել նրա վրա:
«Որևէ ձևով ես չեմ ընդունում նման բացատրություն, միգուցե որոշ ուժեր ցանկանան սլաքներն այդպես տանել, բայց ես կարող եմ վստահեցնել, որ դա կապ չունի իշխանության հետ», - ասել է նա ու որպես ապացույց՝ հիշեցրել է, որ Կուտոյանը որևէ քրեական գործով չէր անցնում և կարգավիճակ չուներ։
«Իշխանությունը տղայական պիտի կանչեր, ինֆորմացիա՞ ստանար», - հարցրել է նա: