21/01/2020 16:57
Իմ կոմպետենտության մասով այստեղ մի մարդ կա, որ կարող է որոշում կայացնել. Դուք շատ փոքր մարդ եք. Սամսոնյանը՝ Ջուլհակյանին
«Իմ քալը» դեմ կքվեարկի ԼՀԿ առաջարկով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցին, այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Վերջինս նշեց՝ այն հարցով, որով պետք է զբաղվի քննիչ հանձնաժողովը, զբաղվելու գործառույթ ունի նաև ավագանին:
Հիշեցնենք՝ ԱԺ-ում բուռն քննարկումներով ընթացավ «2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» հարցի քննարկումը:
Իշխող ֆրակցիան նշեց՝ չի հասկանում հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, իսկ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ դեմ քվեարկությանը կդիտվի որպես հարված ԱԺ ժողովրդավարությանը:
Իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը չհամաձայնեց հարցով հիմնական զեկուցող Անի Սամսոնյանի այն պնդման հետ, որ ավագանին կոմպետենտ չէ հարցի քննման համար, դրա համար էլ անհրաժեշտ է ԱԺ հանձնաժողով ունենալ:
«Հարգելի տիկին Սամսնյան, վստահ եմ, որ Դուք ինձնից լավ գիտեք՝ Դուք ավելի խելացի և կոմպետենտ չեք, քան Երևանի ավագանու շատ անդամներ», - ասաց նա՝ թվարկելով իմքայլական ավագնու անդամների անուններ:
Սամսոնյանն էլ հակադարձեց.
«Իմ կոմպետենտության մասով այստեղ մի մարդ կա, որ կարող է որոշում կայացնել և գնահատական տալ, դա իմ խմբակցության ղեկավարն է, իսկ Դուք շատ փոքր մարդ եք»:
Սամսոնյանը նաև ասաց, որ մի շարք բարձր ամբիոններից հայտարարել է՝ այս իշխանությունը կամք ունի կոռուպցիայի դեմ պայքարելու, մինչդեռ այսօրվա քննարկումնները մտորելու տեղիք տվեցին: