21/01/2020 17:58
Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաոլո Սպանտիգատիին:
Պաոլո Սպանտիգատին փոխվարչապետին է ներկայացրել ԱԶԲ կողմից հաստատած Երկրի գործընկերության 2019-2023 թթ. ռազմավարությունը և Գործառնությունների 2020-2022թթ ծրագիրը:
Երկրի գործընկերության 2019-2023 թթ. ռազմավարությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի ներառական աճին ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի միջոցով։
Տիգրան Ավինյանը մատնանշել է մասնավոր հատվածին ԱԶԲ կողմից աջակցության ծավալների ավելացման կարևորությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի իրականացման ընթացքը և առկա հարցերը: Անդրադարձ է կատարվել Երևանի և մարզային քաղաքների կայուն զարգացման, էներգետիկ ոլորտի, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, ինչպես նաև մասնավոր հատվածում իրագործվող և նախանշվող ծրագրերին։
Քննարկվել է նաև Հայաստանի տրանսպորտի ռազմավարության մշակման և քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացմանը տրամադրվող տեխնիկական աջակցությունը։