21/01/2020 11:20
Ներառել ենք հանրամատչելի «օրենքով գող» և «քրեական հեղինակություն» հասկացությունները. նախարար
Հաշվի առնելով քննադատությունները՝ մենք «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» հասկացության մեջ ներառել ենք, թե ինչի մասին է խոսք գնում՝ ներառելով հանրամատչելի «օրենքով գող» և «քրեական հեղինակություն» հասկացությունները, ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Ինչ վերաբերում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ապա այդտեղ ներառվել է «գողական աշխարհ» հասկացությունը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկների մեծ մասը ընդունել-չընդունելու հարց չի առաջացել, քանի դրանք գործող օրենսգրքում արդեն կային», - ասաց նա։
ԼՀ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր հերթին հարց ուղղեց նախարարին՝ ինչպե՞ս կարող են իրենց առաջարկները լինել, եթե դրանք նոր են ներկայացվում։
«Մեր առաջարկությունները վերաբերում էին այն դրույթներին, որոնցում իրավական անորոշություն կա», - ասաց պատգամավորը։