22/01/2020 12:37
Քաղաքական իշխանությունը խախտեց բարձր ժողովրդավարության հենք հանդիսացող օրենսդրական կարգավորման էությունը
Իշխող քաղաքական ուժը քիչ առաջ խորհրդարանում տապալեց իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով ստեղծվելը: Այդպիսով, քաղաքական իշխանությունը գործածելով օրենսդրական հնարք` խախտեց բարձր ժողովրդավարության հենք հանդիսացող օրենսդրական կարգավորման էությունը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
«Իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով ստեղծվելու հնարավորությունն օրենսդրությամբ սահմանվել էր որպես ընդդիմության վերահսկողական գործունեության արդյունավետ միջոց, իսկ հանձնաժողովի կազմի ձևավորումը սոսկ տեխնիկական բնույթ ունեցող հարց է:
Քաղաքական իշխանությունը ցույց տվեց, որ չի հանդուրժում նաև ընդդիմության արդյունավետ աշխատանքի երաշխիքները:
Մեզ իրական հեղափոխություն է պետք...», - գրել է Բաբայանը:
Հիշեցնենք՝ այսօր Ազգային ժողովը չընդունեց 2018թ. սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը: