23/01/2020 13:41
Պետական հեղաշրջման փորձեր՝ առանց անունների և իրավական հետևանքների՝ ըստ Արմեն Գրիգորյանի
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադարձավ իր՝ ավելի վաղ արած արտահայտություններից մեկին, թե երկրում հեղաշրջման փորձեր իսկապես կատարվել են։
«Հարցազրույցի ընթացքում հարցն է այդպիսին եղել։ Ես խոսել եմ այն մասին, որ պարբերաբար ընդդիմությունը կամ նախկին իշխանությունը փորձել է տորպեդահարի, և նրանք օգտագործել են և՛ գործիքներ, և՛ մարդկանց։ Շատ մարդիկ տրվել են այդ գայթակղությանը և հետևել են այդ մտքերին ու փորձել են քայլեր ձեռնարկել։ Դրա արդյունքում, կարող եմ ասել, որ որևէ հաջողություն չեն ունեցել», - ասաց Արմեն Գրիգորյանը։
Հարցին, թե ովքե՞ր են եղել, ասաց՝ տարբեր մարդիկ, բայց անուններ չի նշի։
Դիտարկմանը, թե իրավական հետևանքներ լինելո՞ւ են, քանի որ լուրջ հայտարարություն է անում, Գրիգորյանն արձագանքեց.
«Ինչ-որ մտքեր, գաղափարներ ունենալը մի քիչ դժվար է դատապարտելի լինելը։ Գործողություններն էլ երբեմն այնպիսին են, որ դրանք հստակ կապելը նպատակի և երազանքների մարդկանց հետ, դժվարություններ է առաջանում։ Բայց կարող եմ ասել, որ դա կանխվել է և այժմ որևիցե վտանգ չկա»։
Մյուս հարցին, թե կանխվելուց հետո ինչ հետևանքներ են ունեցել, պաշտոնանկություններ եղե՞լ են, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց.
«Եղել են նաև պաշտոնանկություներ։ Այս պահին քննություն է ընթանում, եթե քրեական գործի անհրաժեշտություն լինի, կլինի»։
Լրագրողի դիտարկմանը, որ վերջին շրջանում եղել են ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի, ՊՊԾ ղեկավարի պաշտոնանկությունները, կարելի՞ է ենթադրել, որ նրանք մարդիկ են, ովքեր կապված են դրա հետ կամ աչք են փակել տեղի ունեցածի վրա, Արմեն Գրիգորյանը պատասխանեց.
«Անունների հետ կապված հստակություն չեմ մտցնի։ Կարող եմ ասել, որ առաջացել են նման խնդիրներ, նաև ողջամիտ կասկածներ են առաջացել, որ այդպիսի նպատակներ կան և կանխվել են։ Դրա օգտագործման տարբեր ձևեր են եղել՝ սկսած ֆեյք ինֆորմացիայից, նաև մեր քաղաքական թիմին սևացնելը»։