23/01/2020 18:25
«Իմ քայլը» նոր նախագծով փորձում է զսպել երիտասարդների շրջանում արտագաղթի միտումը
ԱԺ-ն քննարկում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:
Հիմնական զեկույցով հանդես եկավ Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ այն ուսանողների դեպքում, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունն ուսման վարձը կփոխհատուցի՝ եկամտային հարկի վերադարձի տեսքով:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր հերթին նկատեց, որ այս նախագծով կառավարությունը հնարավորություն կունենա սահմանել այն մասնագիտությունների գծով առաջնահերթությունը, որով ցանկանում է թե՛ բուհերում, թե՛ աշխատանքային շուկայում ունենալ ավելի մեծ ծանրաբեռնվածություն և աշխատանքային հոսքն ու կրթական հոսքն ուղղել հենց այդտեղ:
Մակունցը շեշտեց՝ մագիստրատուրայում սովորող երիտասարդներն առավել հակված են կրթություն ստանալու արևմտյան կրթական հաստատություններում, և իշխանությունն այս քայլով փորձում է զսպել արտագաղթի միտումը հենց այս տարիքային շեմում: