24/01/2020 11:42
Երևանում ՀՀ ՊՆ ծառայողը КамАЗ-ով վրաերթի է ենթարկել դպրոցականի. վերջինս հիվանդանոցում մահացել է
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած «КамАЗ» մակնիշի ՊՆ 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով թիվ 52 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել մի երեխայի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում են, որ նշված վայրում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, և թե բնակիչները, թե դպրոցի աշխատակիցները բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան, Ճանապարհային ոստիկանություն, որպեսզի նշված վայրում տեղադրեն լուսակիր և արհեստական անհարթություն, սակայն ամեն անգամ պատասխանել են, որ այդ հարցը պետք է լուծվի դպրոցի հաշվին։ Բնակիչներն անգամ սպառնում էին փակել ճանապարհը, սակայն դասակի հրամանատար Սիմոնյանը իրավիճակի մասին տեղեկացրեց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանին, ով հանձնարարեց, որպեսզի տեղում ուսումնասիրեն խնդիրը և հարցը լուծվի՝ ի շահ բնակչի։