24/01/2020 11:20
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը
Խորհրդարանն այսօր 74 կողմ և 41 դեմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը:
Նախագիծը միտված է Երևան քաղաքում շրջիկ առևտրի կետերի հետ կապված հարաբերությունների կարգավորմանը: Այս պահի դրությամբ օրենքում միայն ձևակերպում կա, թե ինչ է շրջիկ առևտրի կետը, բայց չկա, թե հատկապես ով է կարգավորելու շրջիկ առևտրի կետերի հետ կապված մի շարք իրավահարաբերություններ:
«Ընդառաջելով տնտեսավարողներին` մենք օրենքում հնարավորություն ենք տալիս, որ թույլտվություններն առանձին վայրերում ավագանու որոշմամբ կարող են տրամադրվել մինչև 3-օրյա ժամկետով` նախապես առաջարկված 1 օրվա փոխարեն: Եվ այդ վայրերում այդ տնտեսավարողներին կթույլատրվի 23: 00-ից հետո չտեղաշարժել իրենց մեքենաները, որոնցով իրականացնում են շրջիկ առևտուրը», - ասաց օրինագծի հեղինակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Նախագծով առաջարկվում է այդ լիազորությունը տալ Երևանի ավագանուն, որն էլ կկարողանա հաստատել այն վայրերը, որտեղ կթույլատրվի իրականացնել շրջիկ առևտուր, կսահմանի ժամերը: Առաջին ընթերցմամբ քննարկմանը առաջարկվում էր, որ սահմանվի տեղական տուրք` 50 հազար դրամի չափով: