24/01/2020 13:25
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից մեծ սպասումներ պետք չէ ունենալ. Փորձագետ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն, ըստ ամենայնի, բանակցություններում էական տեղաշարժեր չի արձանագրի: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանն՝ անդրադառնալով արտգործնախարարների սպասվող հանդիպմանը:
«Բրատիսլավայում տեղի ունեցած Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց ամփոփիչ հայտարարության մեջ նշել էին, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել հանդիպել 2020 թվականի սկզբին: Ավելի ուշ այս հարցին անդրադարձել էր և Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ հանդիպումը կկայանա հունվարի 20-ին: Ինչպես տեսանք՝ հունվարի 20-ին հանդիպում տեղի չունեցավ, և մինչ օրս չունենք կողմերի հայտարարություն՝ կոնկրետ օրը հանդիպելու մասին», - նշեց փորձագետը՝ հավելելով, որ չնայած վաղ է խոսել հանդիպման ձգձգման մասին, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ սպասվող հանդիպումը, ըստ ամենայնի, բանակցություններում էական տեղաշարժեր չի արձանագրի:
Մխիթարյանի կարծիքով՝ այդ և Զոհրաբ Մնացականյանի այն հայտարարությունը, որ դեռ վաղ է խոսել երկու երկրների առաջնորդների հանդիպման մասին, պայմանավորված է, այդ թվում, Ադրբեջանում տեղի ունեցող ներքին զարգացումներով. «Ադրբեջանում պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որոնք տեղի կունենան փետրվարին: Մինչ այդ դժվար է էական տեղաշարժ ակնկալել բանակցություններում, ուստի մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ նաև ԱԳ նախարարների սպասվող հանդիպումից»:
Փորձագետի կարծիքով՝ բանակցություններում որոշակի դադարը կշարունակվի ընդհուպ մինչև Արցախում մարտի վերջ կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ավարտը. «Ամեն կերպ բովանդակային բանակցություններից «խուսափող» կողմերն, անշուշտ, կօգտագործեն այս առիթը՝ դրանք հնարավորինս հետաձգելու համար: Այս տրամաբանությունը հուշում է, որ տարվա առաջին կեսին էական փոփոխություններ բանակցային գործընթացի շրջանակներում չենք ունենա»: